կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-13 17:28
Քաղաքական

Հայկական կողմը համանախագահներին բարձրաձայնե՞լ է նոր բանակցային մոտեցումների մասին. Աշոտյանը՝ Մնացականյանին

Հայկական կողմը համանախագահներին բարձրաձայնե՞լ է նոր բանակցային մոտեցումների մասին. Աշոտյանը՝ Մնացականյանին

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց Մինսկի խմբի համանախագահների հանդիպումների մանրամասներից: Նա մասնավորապես նշեց, թե հանդիպումների ժամանակ արդյո՞ք հայկական կողմը բարձրաձայնել է նոր բանակցային մոտեցումների մասին, մասնավորապես՝ ԼՂՀ-ն բանակցային կողմ դիտարկելու` մեր նոր ռազմավարության մասին: «Արդյո՞ք բարձրաձայնվել է ադրբեջանական զինուժի կուտակումների մասին՝ ինչպես Նախիջևանում, այնպես էլ արցախյան ճակատում, և ինչպիսին է եղել համանախագահների արձագանքը»,- հարցրեց Աշոտյանը:

Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ Աշոտյանի առաջադրած երկու հարցերի մասին էլ բարձրաձայնել են: «Եվ սա շատ բնական է: Մենք արդեն բավական հստակ արտահայտել ենք կառավարության գերակայությունն արտաքին քաղաքականության ծրագրում, որտեղ ԼՂ-ն զբաղեցնում է իր՝ շատ հստակ տեղը: Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որը վերաբերում է մեր դիրքորոշմանը, առավել ևս` ԼՂ հարցում: Բացի այդ՝ արտահայտել ենք մեր դիրքորոշումը բանակցային գործընթացում` կարգավիճակի և անվտանգության բացառիկ կարևորությունն ու գերակայությունը»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ Մինսկի խմբի համանախագահների այցի բնույթը ճանաչողական է, և այդ առումով բավական հստակ ներկայացվել է, որ հայկական կողմը հավատարիմ է իր սկզբունքներին՝ հարցի լուծումը բացառապես խաղաղ ճանապարհով: Մնացականյանի խոսքով՝ մեծ ուշադրություն է հատկացվում նաև խաղաղությանը նպաստող մթնոլորտին: «Մենք ընդգծեցինք, որ այն, ինչ կատարվել է երկու օր առաջ, այդ զոհն ունի անուն-ազգանուն՝ Վահագն Էլոյան, և մեզ համար դա շատ մեծ կորուստ է, և սա բացարձակապես բացասական է ազդում բանակցային գործընթացի ու խաղաղությանը նպաստող մթնոլորտի վրա: Սա չի կարող աննկատ անցնել ու չազդել մեր դիրքորոշումների վրա»,- ասաց Մնացականյանը:

Ինչ վերաբերում է ՄԽ համանախագահների արձագանքներին, ապա, նախարարի խոսքով, հանդիպումները դեռ շարունակվում են, և իրենք փորձում են այս օրերն օգտագործել արդյունավետ, որպեսզի մաքսիմալ միմյանց ճանաչեն ու իրար փոխանցեն  տրամաբանությունը, նյուանսները դիրքորոշումների, մոտեցումների առնչությամբ: «Սա բանակցային գործընթաց է, որի մեջ Հայաստանը շարունակում է մնալ ներգրավված, և մենք բավական վստահ ենք, որ այն, ինչ մենք արտահայտում ենք, հստակ արտացոլում է մեր քաղաքականության շարունակականությունը»,- նշեց նա:

Աշոտյանն արձագանքեց՝ ասելով, որ անհրաժեշտ է փակ քննարկում կազմակերպել բացառապես Արցախյան հիմնախնդրի կարգավորման արդի իրավիճակի վերաբերյալ: «Նկատի ունեմ՝ ոչ միայն հանձնաժողովում, այլ նաև մասնակից դարձնել խորհրդարանական համապատասխան պատվիրակությունների ղեկավարներին, որպեսզի կարողանանք Արցախյան հիմնախնդրի հետ կապված լինել միասնական, խրոխտ և, ինչպես ասում են, դուխով»,- ասաց պատգամավորը:

Ի պատասխան նախարարն ասաց, որ ինքը հավատարիմ է մնում Աշոտյանի հետ համագործակցությանը և բարձր է գնահատում նրա ներդրումը գործընթացի մեջ: Մնացականյանի խոսքով՝ Արցախյան հարցի շուրջ իրենք կշարունակեն երկխոսությունը: