Փոխարժեքներ
08 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.23 |
EUR | ⚊ | € 416.43 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.68 |
GEL | ⚊ | ₾ 141.84 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ծառայողներին և աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Գրիգորի Հայրապետովին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանին կատարած աշխատանքի համար և Գրիգորի Հայրապետովին մաղթել հաջողություններ հետագա ծառայության ընթացքում:
«Պետական պահպանության ծառայությունը չափազանց կարևոր դեր ունի մեր երկրի անվտանգության ապահովման գործում, և կարծում եմ, սա հասկանում ենք բոլորս: Պետք է խոստովանել, որ այս տարիների ընթացքում ծառայությունը կայացման լուրջ ճանապարհ է անցել: Հույս ունեմ, որ այդ ճանապարհը կշարունակվի և Պետական պահպանության ծառայությունն իր առջև կդնի ծառայության մակարդակը շարունակական և հետևողականորեն բարձրացնելու խնդիր ոչ միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու, այլև ՀՀ քաղաքացիներին հնարավորինս քիչ անհանգստություններ պատճառելու առումով: Սա պակաս կարևոր չեմ համարում, որովհետև կարծում եմ, որ իշխանության և հասարակության փոխհարաբերությունների մեջ սա չափազանց կարևոր նրբություն է: Իհարկե, անվտանգություն ապահովող մեր գործընկերները շատ կարևոր առաքելություն են կատարում, բայց այդ ընթացքում պետք է հաշվի առնեն, որ իշխանություն-հանրություն հարաբերությունները նույնպես այդ անվտանգության կարևոր կոմպոնենտն են»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ Գրիգորի Հայրապետովը Պետական պահպանության ծառայության ակունքներում կանգնած անձանցից է և հույս հայտնել, որ նրա նշանակմամբ ծառայությունը նոր շունչ, էներգիա և տրամադրություն կստանա:
Հրաչյա Հարությունյանը շնորհավորել է Գրիգորի Հայրապետովին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան ու ծառայության բոլոր ներկայացուցիչներին մաղթել անփորձանք ծառայություն:
Իր հերթին, Գրիգորի Հայրապետովը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և համոզմունք հայտնել, որ ծառայության առջև դրված բոլոր խնդիրները կլուծվեն ՀՀ օրենսդրության սահմաններում, ճիշտ և ժամանակին: