Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ավագ դպրոցների բովանդակությունը պետք է փոխվի: Կրկնուսույցների ինստիտուտը շարունակում է մնալ, քանի որ ավագ դպրոցն իրականում իր դերակատարումը չունեցավ. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ պետք է այնպես անեն, որ աշակերտն այլևս կրկնուսույցի կարիքը չունենա: «Իհարկե, ավագ դպրոցի զարգացման վրա մի շարք այլ գործոններ էլ են ազդում, մասնավորապես` միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ու այդ ոլորտի թերի զարգացածությունը, ծրագրերի բովանդակության բացակայությունը, մեթոդների թերի լինելը: Այս ամենն ազդել է որակի վրա, և ճիշտ են նշում ծնողներն ու աշակերտները, որ երբեմն 12-րդ դասարանում անելիք չի լինում»,- ասաց նախարարը:
Խոսելով շտեմարանների մասին՝ նա նշեց, որ գոհ չէ դրանցից, որովհետև դրանք թույլ չեն տալիս բացահայտել աշակերտների իրական հնարավորությունները, թույլ չեն տալիս նրանց մոտ զարգացնել քննադատական վերլուծական միտքը: «Կարող է գիտելիքի ստուգման այդ ձևը զգալիորեն նվազեցնում է կոռուպցիան, բայց, միևնույն ժամանակ, թույլ չի տալիս վեր հանել աշակերտների իրական հնարավորությունները: Այս տարի մենք չէինք կարող փոփոխություններ անել, քանի որ, ըստ էության, մի քանի շաբաթ էր մնացել մինչև քննությունների մեկնարկը, և փոփոխությունը կարող էր վտանգել ընդունելության քննությունները, բայց հաջորդ տարի այդ ուղղությամբ աշխատանքներ կտարվեն»,- ասաց Հարությունյանը:
Նախարարի խոսքով՝ դասագրքերի վերաբերյալ նույնպես դժգոհություններ կան, ինչպես նաև բողոքներ` դասավանդման մեթոդների և ծրագրերի հետ կապված: Ըստ Հարությունյանի՝ դպրոցն ավարտող աշակերտների մոտ, բացի անգիր սովորելուց, պետք է այլ որակներ զարգանան: «Աշակերտը պետք է կարողանա իր գաղափարներն արտահայտել, վերլուծել, քննադատել: Այս ամենը ես էլ ԵՊՀ-ում դասավանդելիս չեմ տեսնում իմ ուսանողների մոտ, և շատ դժվար է լինում առաջին մեկ-երկու տարին աշխատել, որ այս որակները նրանց մոտ զարգանան: Նրանք պետք է արդեն իսկ դպրոցից այդ որակներով գան»,- ասաց նախարարը: