Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 8-ին ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն է հրավիրվել Երևանի բնակիչ Արմեն Բալյանը, ով իրավապահներին հայտնել է, թե ՀՀ առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նորայր Դավիդյանն օգտագործել է իր պաշտոնեական դիրքը և կատարել մի շարք չարաշահումներ:
Նա իրավապահներին ասել է, որ կենտրոնում 10 տարուց ավելի ձևակերպված է եղել որպես ատամնատեխնիկ, բայց աշխատավարձ չի ստացել, նաև նշել է, թե Դավիդյանի կողմից յուրացվել են կենտրոնում ձևակերպված` 25-ից ավելի քաղաքացիների աշխատավարձերը:
Yerkir.am-ն այս ամենի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նորայր Դավիդյանից:
Դավիդյանի խոսքով` Բալյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը: «Նա հարբեցող է: Նա միշտ էլ իր աշխատավարձը, իր հասանելիքը ստացել է»,- ասաց նա:
Դավիդյանը տեղեկացրեց, որ Բալյանը մի անգամ այս նույն մեղադրանքով դիմել է դատախազություն: «Դիմել է, եկել են, քննություն են արել, ոչինչ չի հայտնաբերվել: Գոնե մի բան լիներ: Ամբողջը ստուգել է դատախազությունը Մաշտոցի ոստիկանության հետ. թուղթը կա, որ հանցանք չեն հայտնաբերել»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է 25-ից ավելի աշխատողների աշխատավարձերը յուրացնելուն, Դավիդյանը նշեց, որ Բալյանի մեղադրանքները բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում: «Թող մարդկանց անուն-ազգանուններն ասի, տեսնենք` էդ ո՞ւմ փողերն ենք յուրացրել: Չկա նման բան, դա բացարձակապես սուտ է: Ի վերջո, նման մարդիկ պետք է ողջ լինե՞ն, թե՞ ոչ, կարո՞ղ է բոլորը մեռել են: Մեզ մոտ 65-70%-ը բանկով են ստանում աշխատավարձը: Ստին էլ չափ կա: Եթե գտնվի մեկ հոգի, ով կասի, որ իմ աշխատողն է, ու որ իրենց փողերը, չգիտեմ, ես կամ մեր հաշվապահը յուրացրել ենք, ապա ինձ 25 տարով կամ ցմահ թող դատապարտեն»,- ասաց Դավիդյանը:
Նրա կարծիքով` այս ամենի հետևում կանգնած է իր օգնականը` Արտյոմ Թադևոսյանը: «Նա է այս ամենը կազմակերպել»,- ասաց մեր զրուցակիցը:
Իսկ թե ինչի՞ համար, Դավիդյանը պարզաբանեց, որ կոլեկտիվը բաց քննարկում է արել, գիտխորհրդի նիստ, և որոշել են Թադևոսյանին հեռացնել աշխատանքից: «Դա իմ որոշումը չի եղել, ես դեմ եմ արտահայտվել, քննարկմանն էլ չեմ մասնակցել, բայց հետո ամբողջ կոլեկտիվը ստորագրել է` նրան հեռացնելու համար»,- ասաց նա: