կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-04 18:06
Իրավական

Մարտի 1-ի գործով պաշտոնյաներ են հարցաքննվելու. դատախազություն

Մարտի 1-ի գործով պաշտոնյաներ են հարցաքննվելու. դատախազություն

Armtimes.com-ն այսօր, հղում կատարելով իր լավատեղյակ աղբյուրներին, գրել էր, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով: Հիշյալ տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀՀ գլխավոր դատախազությունից:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ո'չ հերքեց, ո'չ հաստատեց Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ տեղեկությունը: Նա հայտնեց, որ նախաքննություն իրականացնող մարմինը հիշյալ գործի շրջանակում նախատեսում է հարցաքննել պաշտոնատար անձանց:

«Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերով նախաքննության շրջանակներում ներկայումս ակտիվ գործողություններ են սկսվել»,- նշեց Աբրահամյանը` հավելելով, որ, նախաքննության շահերից ելնելով, այլ մանրամասներ չի կարող հայտնել:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 1-ին ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի գործին կցվի «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին», փաստահավաք խմբի զեկույցը, ինչպես նաեւ քրեական գործի շրջանակներում հարցաքննվի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սակայն դատախազությունը Փաշինյանի դիմումի միայն մի կետին էր ընթացք տվել, իսկ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու մասով նշել էր, թե դրա համար հիմքեր չկան: Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված իր դիմումում նշել էր այն կետերը, որոնց հիման վրա պետք է հարցաքննվեր Ռոբերտ Քոչարյանը: