Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու և կեղծ ձեռնարկատիրություններ հիմնելու վերաբերյալ ԱԱԾ-ի տարածած վերջին հաղորդագրությունը բուռն քննարկումների տեղիք տվեց: Քննարկման առարկան հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեման էր, որի իրագործման համար օգտագործվել էին հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։
Ըստ ԱԱԾ տվյալների` «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով: Բացի տեղական գյուղմթերքից, հիշյալ ընկերությունը 461 ԱՁ-ների անվամբ իրացրել է նաև բազմաթիվ այլ ապրանքատեսակներ, ինչպես նաև ներկրված գյուղմթերք, որոնց համար ևս վճարվել է միայն շրջանառության հարկը։
Նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունն այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ:
Հատկանշական է, որ այս սխեմայի գոյության մասին նոր չէ, որ խոսվում է: Դեռևս 2018թ. մարտի 29-ին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը «Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում» թեմայով վերլուծություն էր հրապարակել, որում բարձրաձայնել էր խոշոր սուպերմարկետների կողմից 20 տոկոս ԱԱՀ-ն չվճարելու և դրա հետևանքով մրցակցային անհավասար պայմաններ ստեղծելու խնդրի մասին:
«Հայաստանի խոշոր սուպերմարկետներում մսի, մրգի և բանջարեղենի իրացումը հիմնականում կազմակերպվում է իրենց տարածքում գրանցված անհատ ձեռնարկատերի և/կամ փոքր ընկերությունների միջոցով, ինչը թույլ է տալիս նրանց ապահովել մրցունակ գներ նաև այդ ապրանքների դեպքում: Այսինքն՝ մսի, մրգի և բանջարեղենի դեպքում 20 տոկոս ավելացված արժեքի հարկ չեն վճարում, ինչի արդյունքում կբարձրանար գինը»,- ասված է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կատարած վերլուծության մեջ:
Այս հետազոտությունից հետո ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանն էլ իր հերթին տարբեր ասուլիսների ժամանակ բարձրաձայնել էր խոշոր սուպերմարկետների կողմից գերիշխող դիրք ունենալու մեխանիզմնեերի մասին ու դրանք բացառելու ուղիներ առաջարկել: Ըստ Պարսյանի` խոշոր առևտրային ցանցերում գյուղատնտեսական մթերք իրացնող ԱՁ-ները պարբերաբար բացվում, ապա դադարեցնում են իրենց գործունեությունը, որպեսզի ավելացված արժեքի հարկ չվճարեն:
Ուշագրավ է, որ մինչ այս ԱԱՀ-ից և շահութահարկից խուսափելու դեպքերը վրիպել են ոչ միայն իրավապահների, այլև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աչքից: Ընդ որում` հենց ՏՄՊՊՀ-ի լիազորությունների մեջ է մտնում տնտեսական մրցակցության պաշտպանումը, ազատ և առողջ մրցակցության ապահովումը, իսկ մրցակցային դաշտ ապահովելու համար նախ և առաջ հարկավոր է զսպել շուկայում գերիշխող դիրքը չարաշահող ընկերություններին:
Անշուշտ, տրամաբանական հարց է ծագում` ինչո՞ւ վերջին երկու տարիների ընթացքում ՏՄՊՊՀ-ն վարույթ չի սկսել խոշոր առևտրային ցանցերի կողմից մրցակցության սահմանափակման հիմքերի առկայության պայմաններում: Բացի այդ, օրենսդրության համաձայն, արգելվում է պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից կոնկրետ տնտեսվարող սուբյեկտի կամ տնտեսվարող սուբյեկտների որոշակի խմբի տրամադրվող ցանկացած օժանդակությունը:
Կոնկրետ իրավիճակում ՏՄՊՊՀ-ն պարտավոր էր վարույթ նախաձեռնել ՀՀ ՊԵԿ-ի ղեկավարության գործողությունների նկատմամբ` պարզելու համար, թե արդյոք ԱԱՀ-ից խուսափման մեխանիզմների մշակումը և ներդրումը խոշոր առևտրային ցանցերի դեպքում չի սահմանափակել մրցակցությունը: ՏՄՊՊՀ-ն ուներ և ունի բոլոր լիազորությունները` պետական մարմինների պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու, ինչը, ցավոք, մինչ օրս չի արվում: Հարկեր վճարել-չվճարելուց զատ, առավել մտահոգիչ է այն երևույթը, որ 2016-2017 թվականների ընթացքում խոշոր առևտրային ցանցերը գրանցում էին իրենց շրջանառության ծավալների շարունակական և զգալի աճ, երբ հազարավոր փոքր և միջին խանութների, կրպակների սեփականատերեր դադարեցնում էին իրենց գործունեությունը և հիմնականում բռնում արտագաղթի ուղին:
Այս համատեքստում ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերացիան «բացահայտում» որակելը, թերևս այնքան էլ տեղին չէ:
Հիշեցնենք, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունում հայտնաբերված խախտումների փաստով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 189-րդ հոդվածի 3-րդ մասի («Կեղծ ձեռնարկատիրություն») հատկանիշներով: