Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունների թեմայով հանրային քննարկում, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ճանապարհային ոստիկանության, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության, հասարակական կազմակերպությունների և ընկերությունների ներկայացուցիչներ, նաև քաղաքացիներ։
Ոստիկանության պետի տեղակալն ընդգծեց, որ տեսա և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերով իրականացվող վարչական պատասխանատվության քաղաքականության փոփոխության, տույժերի, տուգանքների համաներման հիմքում մարդասիրության սկզբունքն է՝ վարորդների վարչական բեռը թեթևացնելու նպատակով։ Հանրային քննարկման մասնակիցները ողջունեցին ոստիկանության մոտեցումները՝ հույս հայտնելով, որ ոստիկանության որդեգրած նոր քաղաքականությունը վարորդների շրջանում չի հանգեցնի ամենաթողության, և չի վտանգվի ճանապարհային երթևեկության անվտանգությունը։
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հավաստեցին, որ վարորդները կնախազգուշացվեն միայն նվազ վտանգավոր իրավախախտումների պարագայում, իսկ երթևեկության անվտանգությանը սպառնացող իրավախախտումների դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Հովհաննես Քոչարյանը հավելեց, որ ոստիկանությունը մտահոգ է մոտ ապագայում նախազգուշացումների քանակի վերաբերյալ տեխնիկական համակարգ ունենալու խնդրով։ Հանրային քննարկման ընթացքում անդրադարձ արվեց նաև ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող մի շարք այլ խնդիրների, որոնք կլուծվեն ոստիկանություն-հասարակություն, մասնավորապես՝ ճանապարհային ոստիկան-վարորդ ակտիվ համագործակցության արդյունքում։ Մի քանի ժամ տևած հանրային քննարկումն անցավ կառուցողական մթնոլորտում։
Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը ավարտին փաստեց, որ նմանօրինակ հանրային քննարկումները դրական են ազդում ոլորտում առկա խնդիրների ավելի արդյունավետ լուծման վրա և հաջորդ հանդիպման քննարկման թեման կլինի վարորդական իրավունքի վկայականների տրամադրման կարգը։