Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը ոչ թե հակամարտության, այլ բանակցության կողմ է և Արցախի միջազգային անվտանգության երաշխավորը. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախում արած այն հայտարարությանը, թե ՀՀ-ն Արցախյան հիմնահարցում հակամարտության կողմ է:
«Նիկոլ Փաշինյանին լավ եմ ճանաչում, վեց տարի միասին աշխատել ենք: Իմ տպավորությամբ` Փաշինյանն այլևս նման հայտարարություն չի անի: Գուցե սա քաղաքական անզգուշություն էր, գուցե էմոցիոնալ գնահատական էր, գուցե մի բան էր ուզում ասել, այլ բան ստացվեց, բայց սա հայտարարություն չէր, որ բխում էր բանակցային շահերից»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե պետք է Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, Շարմազանովը նշեց, որ դա միանշանակ ողջունելի է, և որ իրենք դրա մասին շատ են խոսել:
«Կոնկրետ հակամարտության մասով` ես պետական մարդ եմ, Նիկոլ Փաշինյանն էլ իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում նրա մեջքին կանգնած եմ, որովհետև նա իմ պետության վարչապետն է: Թող ալիևների ու էրդողանների, որևէ մեկի մտքով չանցնի... Իմ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որի հետ ես ունեմ խոր քաղաքական և գաղափարական տարաձայնություններ, յուրաքանչյուր հանդիպման համար աղոթելու եմ: Ամեն ինչ անելու եմ, որ նա հաջողի, եթե նա հաջողեց բանակցություններում, ուրեմն կհաջողի Արցախը, կհաջողի հայ ժողովուրդը: Ես պետական ոնց եղել եմ, այդպես էլ կամ, Հայաստանից մեծ սեր էլ չունեմ: Վերևն` Աստված, ներքևն` իմ Հայաստան»,- եզրափակեց Շարմազանովը: