|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում աշակերտները և ծնողները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի հրաժարականը: Նրանք ասում են, որ դպրոցում մի շարք անօրինականություններ են տեղի ունեցել՝ դրամահավաքությունից մինչև երեխայի հետ վատ վարվել:
Yerkir.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Գոռ Միրզոյանը տեղեկացրեց, որ տնօրենը որոշում է կայացրել ազատման դիմում գրել: «Սա ծնողների, համագյուղացիների բողոքն է, ու չնայած տնօրենը չի ընդունում մեղադրանքները, սակայն որոշել է համայնքի ցանկությանն ընդառաջ գնալ»,- ասաց նա:
Արմավիրի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ թե' տնօրենը, թե' ուսուցիչները զարմացած են: «Մինչ այս որևէ բողոք չի եղել, դրամահավաքության որևէ դեպք չենք ունեցել: Ես չգիտեմ՝ ինչով է պայմանավորված այս ամենը, մենք էլ ենք անակնկալի եկել: Անօրինականությունների հետ կապված՝ երբեք բողոք չի եղել, գուցե լռել են, հիմա են ասում, դեռ ոչինչ պարզ չէ»,- ասաց նա:
Սայադյանը նշեց նաև, որ շուտով հանդիպելու է դպրոցի տնօրենի հետ: