Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում պաշտպանության փոխնախարար Դ. Փախչանյանը ներկայացրեց «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին նախագիծը, որով հիմնադրվում է ՊՆ ենթակայության տակ գործող ռազմատեխնիկական, գիտահետազոտական ինստիտուտ:
Ըստ նախագծի` ինստիտուտը կնպաստի բարձր տեխնոլոգիական սպառազինության արտադրությունում մասնագիտանալուն և գլոբալ շուկայում գիտատար սպառազինության ընտրված ոլորտներում մրցունակ ու ճանաչված արտադրող դառնալուն: Որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվեն հարաբերությունները լիազոր մարմնի և ռազմաարդյունաբերական պատվերներ կատարող կազմակերպությունների միջև` գիտատեխնիկական մշակումների խնդիրների իրականացման հարցերում, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվի ներհանրապետական արտադրության տեսականին, ՀՀ զինված ուժերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, կստեղծվեն նախադրյալներ հայրենական արտադրության սպառազինության որոշ տեսակներով արտաքին շուկա դուրս գալու համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց փոխնախարարին` արդյո՞ք այս ինստիտուտը հիմնադրելով` դադարեցվելու է համագործակցությունը մասնավոր սեկտորի հետ: Փախչանյանը պատասխանեց, որ ինստիտուտը միայն նախագծերի մարտավարական մշակումներով է զբաղվելու, հանդիսանալու է օղակ, որը ձևակերպելու է հստակ առաջադրանքներ, համակարգելու է աշխատանքները, այսինքն` լինելու է ոչ թե փոխարինող, այլ լրացնող օղակ:
«Ճի՞շտ եմ հասկանում, որ այս ինստիտուտի հիմնադրմամբ մենք ռազմաարդյունաբերական համալիրի ուղեղային կենտրոն ենք ստեղծում, որը կորոշի առաջնահերթությունները, կարիքները, կձևակերպի պահանջները, որոնք մենք ունենք»,- հարցրեց վարչապետը:
Փոխնախարարը պատասխանեց, որ դա այդպես է:
Որոշումն ընդունվեց: