կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-08 12:47
Քաղաքական

Հայաստանում տեղի ունեցած բուռն քաղաքական իրադարձությունները բոլոր կողմերի խոհեմության արդյունք են. Փաշինյան

Հայաստանում տեղի ունեցած բուռն քաղաքական իրադարձությունները բոլոր կողմերի խոհեմության արդյունք են. Փաշինյան

Մեկնարկել է իրավունքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստը: Օրակարգում մեկ հարց է` վարչապետի ընտրություններ: Թեկնածուն ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված` «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է:

Փաշինյանը ելույթը սկսեց` Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձը շնորհավորելով: Նա ընդգծեց, որ թավշյա հեղափոխության դե յուրե հաղթանակը պետք է արձանագրվի հենց Շուշիի ազատագրման օրը:

«Ուզում եմ զորակցություն հղել Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Մեր հեղափոխությունը ոչ միայն որևէ վտանգ չի ներկայացնում Արցախի համար, այլև նորանոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի համար: Հայկական հեղափոխության արձանագրումը լինելու է Արցախի դե յուրե ճանաչումը: Հայ ժողովուրդը համախմբված է, լավատես ու հզոր` Հայաստանում, Սփյուռքում և Արցախում»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ Հայաստանում տեղի ունեցող`վերջին ամսվա իրադարձությունները բոլոր կողմերի խոհեմության շնորհիվ են: «Հարկ եմ համարում ընդգծել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Հայատանում տեղի ունեցած բուռն քաղաքական իրադարձությունները, առանց բացառության, բոլոր կողմերի խոհեմության, պետական մտածողության, հայրենասիրության արդյունք են: Ներքաղաքական երկարամյա հակամարտությունների միջով անցնելուց հետո ներքաղաքական կյանքի բոլոր մասնակիցներս հանգել ենք մի համաձայնության, լռելյայն կոնենսուսի, որ վերջ` բռնությունն այլևս տեղ չունի մեր քաղաքական կյանքում, ներքաղաքական և ներհայաստանյան հարաբերություններում ավտոմատները պետք է լռեն հավիտյան»,- ընդգծեց Փաշինյանը:

Նրա խոսքով` սա է լինելու ձևավորվող կառավարության գործունեությունը Հայաստանում, Արցախում, Սփյուռքում` ձևավորել համերաշխության մթնոլորտ, Հայաստանում հաստատել իրավունքի և օրենքի վրա հիմնված ազգային միասնություն:

«Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ: Հայաստանում արտոնյալներ չեն լինելու, և վերջ, ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու, ընտրակաշառք չի լինելու, և վերջ: Մենաշնորհներ չեն լինելու, արհեստական տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուր ոք կարողանալու է զբաղվել իր ուզած բիզնեսով: Իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան, և վերջ: Հաստատվելու է օրենքի գերակայություն, և վերջ»,- հայտարարեց նա:

Փաշինյանը շեշտեց, որ որևէ մեկը չպետք է կասկածի, որ թեկուզ անցումային այս ժամանակահատվածում, իրենց կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է իրականացնելու: Նրա խոսքով` այս խնդիրները լուծվելու են առանց վենդետաների և առանց սեփականության վերաբաշխման: «Քաղաքական և տնտեսական հետապնդումների էջն այլևս փակված է Հայաստանում, և օրենքը հավասարաբար պետք է գործի ինչպես քաղաքական համախոհների, այնպես էլ քաղաքական հակառակորդների նկատմամբ: Սա է հայկական հեղափոխության հիմնական և ամենակարևոր ուղերձը, որին մենք պետք է հավատարիմ մնանք մինչև վերջ»,- հայտարարեց նա, ապա հավելեց, որ սա է լինելու այն անկյունաքարը, որի վրա պետք է կառուցվի նոր Հայաստանը: