Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՊՀ յոթ երկրների ՀՕՊ ստորաբաժանումների միացյալ համակարգի մարտական պատրաստության բարձրացման միջոցառումների շրջանակներում՝ Հայաստանում անցկացվեց ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների վարժանքը։ Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ վարժանքը իրականացվեց երեք փուլով՝ պայմանական հակառակորդի օդային թիրախների հայտնաբերում, ոչնչացում և մնացորդների ոչնչացում թեմայով։
Մամուլի խոսնակն ընդգծեց՝ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները բավականին բարձր մակարդակով կատարել են առաջադրված խնդիրները։
«Վարժանքին ներգրավված են եղել և կործանիչ ավիացիան, և զենիթահրթիռային զորքերը, և տեխնիկական զորքերը։ Վարժանքի ընդհանուր արդյունքներով ստորաբաժանումները ստացել են «լավ» գնահատական»,- ասաց Ստեփանյանը, հավելելով, որ ներկայումս ստորաբաժանումներն անցել են առօրյա ծառայության։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 11-ին ԱՊՀ յոթ երկրներում մեկնարկել է վարժանք, որի ընթացքում կստուգեն հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ համակարգի մարտական պատրաստությունը: Մասնավորապես, կկատարելագործվի ՀՕՊ ուժերի կիրառումն ԱՊՀ երկրների պետական սահմանը խախտող ինքնաթիռների նկատմամբ։
Վարժանքներին մասնակցել են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: ՀՕՊ միացյալ համակարգը ղեկավարել են Մոսկվայում ՌԴ-ի օդատիեզերական ուժերի կառավարման կենտրոնից:
Վարժանքի ժամանակ գործի են դրվել ավելի քան 130 հրամանատարական կետեր յոթ երկրների տարածքում, 60-ից ավելի ինքնաթիռներ, վարժանքներին, այդ թվում մասնակցել են Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ31 եւ Յակ-130 կործանիչներ, Սու-24 եւ Սու-34 ճակատային ռմբակոծիչներ, Սու-25 գրոհիչներ, Տու-22, Տու-160 ծանր ռմբակոծիչներ: