Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հարգելի համաքաղաքացինե´ր:
Ձեզ եմ դիմում և´ որպես ոստիկանության պետ, և´ որպես քաղաքացի:
Չեմ ուզում անդրադառնալ վերջին իրադարձությունների իրավական կողմին. ոստիկանությունը բազմիցս խոսել է այդ մասին` վստահ լինելով նաև հասարակության բարձր իրավագիտակցությանն ու քաղաքացիական ընկալունակությանը:
Չեմ ցանկանում նաև գնահատական տալ կողմերին ու նրանց գործողություններին. ոստիկանությունը վերքաղաքական կառույց է և դուրս է քաղաքական զարգացումներից:
Առավել ևս` հստակ գիտակցում ենք, որ խոսքը ոչ թե այս կամ այն կողմի «ճշտի», այլ Ճշմարտության մասին է, որը բացարձակ արժեք է և անքննելի, ինչպես որ անքննելի է ոստիկանության դերը մեր հասարակության կյանքում:
Հիշե´ք. ցանկացած հեղափոխություն դառնում է անիմաստ, երբ փորձ է արվում քանդել կառուցածը, իսկ Բանակ ու Ոստիկանություն կառուցելու համար մենք ամեն ինչ ենք տվել:
Մեր համատեղ կառուցածը Պետությունն է: Ոստիկանությունը այդ պետության կայունության, անդորրի, խաղաղության երաշխավորն է: Ոստիկանը այդ պետության մարդն է, ոչ թե իշխանության կամ ընդդիմության: Եվ ոստիկանությանն այս կամ այն կողմը քաշելու փորձը մեծացնում է այն ճեղքվածքը, որի մեջ կարող ենք հայտնվել բոլորս:
Հիշե´ք. պետությունը կառուցվում է տասնամյակներով ու հազարավոր կյանքերի գնով և կարող է փլուզվել հաշված ժամերի ընթացքում:
Դա անթույլատրելի է:
Այսպահային ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար մի´ փորձեք տրոհել ոստիկանի մեջ երկխոսող իրավապահին ու քաղաքացուն: Այդ տրոհումը մահացու վտանգավոր է պետության համար, որի պաշտպանությանն է կոչված ոստիկանությունը:
Որպես զինվորական կոչ եմ անում` զե´րծ մնացեք նաև բանակը տրոհելու փորձերից: Երկատված բանակը միասնական պետության պահապան լինել չի կարող:
Սուտ է, թե նպատակը արդարացնում է միջոցները. պետության պահապանին իր երդմանը, կոչմանը, գործընկերներին դավաճանելու մղելը չի կարող արդարացվել ոչ մի նպատակով: Ինչպես որ ինչ-ինչ գաղափարներին ծառայելը չի կարող փոխարինել ժողովրդին ծառայելու սրբազան գործին: Մենք օրենքին ծառայելով ենք ծառայում ժողովրդին: Կոչում եմ բոլորիդ նույնպիսի ծառայության, որպեսզի օրենքն էլ ձեզ ծառայի:
Սա´ է ճշմարտությունը:
Ինչպես ճշմարտություն է այն, որ բոլորիս սխալների պատճառով հասել ենք այն աստիճանին, որ կարող ենք բացարձակ կորցնել իրավիճակի կառավարումը:
Նման բան թույլ տալ չի կարելի:
Ուստի դիմում եմ բոլորին:
Սթափվեք, տղե´րք:
Ինքնակազմակերպվե´ք, կողմնորոշվե´ք, հստակվե´ք: Հիշեք մեկընդմիշտ, որ ոչինչ չարժե մեր պետականության կորստին:
Հիշեք նաև, որ առանց ոստիկանության չկա´ պետություն, որ ոստիկանը պետության ամրության զինվորն է, խաղաղության զինվորը, բարության զինվորը, ոչ թե ռետինե մահակի ու բռնության: Բայց և համոզված եղեք, որ խաղաղությունն ու բարությունը ոչ թե թուլության, այլ իրական ուժի նշան են:
Դիմում եմ իմ զինակից ոստիկաններին:
Տղե´րք, ես ասել եմ, որ սիրում ու հարգում եմ ձեզ, որ ձեզ հետ կռվելու և ապրելու կգնամ: Ինչպես միշտ վստահ եմ, որ ծառայելով օրենքին` այսուհետ էլ ծառայելու ենք ժողովրդին:
Կրկին դիմում եմ բոլոր համաքաղաքացիներիս:
Ժողովո´ւրդ, համոզված եմ, որ բոլորիս հաղթանակը կլինի այս ամենի ավարտումը խաղաղությամբ ու բարությամբ, հակառակ դեպքում կպարտվենք բոլորս:
Հավատում եմ մեր մեծ սիրուն և անքննելի իմաստնությանը:
Աստված մեզ պահապան»: