24 բելգիացի պատգամավորներ հայտարարություն են տարածել Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ
Գասպար Կարապետյանի վերաբերյալ Ադրբեջանի կողմից Ինտերպոլին ներկայացված հայցի դեմ։
Հայտարարության մեջ ասվում է. «Լեռնային Ղարաբաղ / Արցախ այցելելը հանցագործություն չէ։
Ափսոսում ենք, որ ադրբեջանական իշխանությունները ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի դեմ Ինտերպոլի ձերբակալման միջազգային արտոնագիր են ներկայացրել Լեռնային Ղարաբաղ/Արցախ այցելելու համար: Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը հանրային նշանակության կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է քաղաքացիական ակտիվության միջոցով հանրային տեղեկացվածության բարձրացմանը։
Թեև միջազգային իրավունքում նախատեսված չեն իրավապատասխանատվության համապատասխան հիմքեր, որոնք կարող են որեւէ մեկի համար Լեռնային Ղարաբաղ այցելելու արգելք հանդիսանալ, ադրբեջանական իշխանությունները վախի մթնոլորտ ստեղծելու նպատակ են հետապնդում եւ փորձում քրեականացնել նման այցերը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ ուղղված մեկուսացման քաղաքականության պարտադրումը խախտում է նրանց՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված հիմնարար իրավունքները և կառուցողական չէ հակամարտության կարգավորման հարցում։
Մենք համոզված ենք, որ Ինտերպոլը չպիտի դառնա քաղաքական հետապնդման կամ ահաբեկման հարթակ։ Մենք ընդսմին ընդգծում ենք, որ հակամարտության տևական կարգավորման հնարավոր է հասնել միայն երկու կողմերի միջեւ անկողմնակալ երկխոսության միջոցով ՝ ներգրավելով նաեւ Լեռնային Ղարաբաղի/Արցախի ժողովրդին»: