կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-10 12:46
Քաղաքական

Հայաստանյան քաղաքական դաշտը փոշիացել է. Կարեն Քոչարյան

Հայաստանյան քաղաքական դաշտը փոշիացել է. Կարեն Քոչարյան

Արմեն Սարգսյանի` նախագահ դառնալով` Հայաստանի պատմության մեջ դե յուրե բացվեց նոր էջ, բայց դե ֆակտո ոչ մի նոր էջ էլ չի բացվել. այսօր լրագրողներին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքով` երկրում ոչինչ չի փոխվելու` Սերժ Սարգսյանը մնալու է երկրի առաջին դեմք, իսկ Կարեն Կարապետյանը լինելու է երկրորդը:

Խոսելով Սերժ Սարգսանի պաշտոնավարման 10 տարիների մասին` քաղտեխնոլոգը նշեց, որ այդ տարիներին Հայաստանում լուրջ ռեգրես է եղել` հայաստանյան քաղաքական դաշտը փոշիացել է, չկա պայքարող քաղաքական ուժ:

Ըստ նրա` այս տարիներին Սերժ Սարգսյանի ամենամեծ ձեռքբերումը հայաստանցի-ղարաբաղցի անջրպետի վերացումն էր: «Ճիշտ է, այդ թեզը լիովին չվերացավ, ավելին` վերջերս որոշ մարդիկ փորձեցին այն կրկին առաջ քաշել, սակայն որոշ չափով այդ խնդիրը լուծվեց»,- ասաց քաղտեխնոլոգը:

Կարեն Քոչարյանը նշեց, որ այս տարիներին ոչ միայն չվերացավ տնտեսական մոնոպոլիան, այլև ավելի խորացավ: «Հայաստանում ամեն ինչ կախված է անձերից»,- նշեց նա` հույս հայտնելով, որ կառավարության փոփոխությունից հետո անձինք կփոխվեն, սերնդափոխություն կլինի:

Քաղտեխնոլոգի կարծիքով` այսօր շատ երիտասարդների ամբիցիաները հնարավորություններից շատ են: Հաճախ պաշտոն ստանձնող երիտասարդներ գալիս են` մյուսներին ապացուցելու, որ իրենք իշխանություն ունեն: «Մեզ մոտ ամեն ինչ արվում է ոչ թե հանուն ինչ-որ բանի, այլ` ինադու: Երբ «ինադուն» հանվի քաղաքական գործընթացից, ինչ-որ բան գուցե փոխվի»,- նշեց նա:

Խոսելով Արմեն Սարգսյանի նախագահության շրջանում սպասվող փոփոխություններից` Քոչարյանն ասաց. «Արմեն Սարգսյանը լայն շրջապատ ունի և իր կապերը կարող է օգտագործել արտաքին քաղաքականությունում»: Նա նաև նշեց, որ Արմեն Սարգսյանի պաշտոնը սիմվոլիկ է, և նա ոչ մի լուրջ արտաքին կամ ներքին հարց չի լուծելու: