Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլոր կարգի զարգացումները տարածաշրջանում և մերձակա տարածաշրջաններում տանում են խոշոր բախման. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին:
«Մարտի սկզբից որոշակի երկրներ պահանջում են թուրքական ագրեսիայի դադարեցում և զորքերի դուրս բերում Սիրիայից: Սա գլխավոր հարցերից մեկն է լինելու ապրիլի 4-ին կայանալիք եռակողմ հանդիպման ընթացքում (ՌԴ-Իրան-Թուրքիա խմբ.): Այդ պատճառով էրդողանը նկատելիորեն շտապում է և այդ շտապողականությունը բերում է նրան, որ նա սկսում է ավելի թույլ հարևաններին սպառնալ թե' հայտարարություններով, թե' գործողություններով: Հյուսիսային Սիրիայում արդեն թուրքական զորքերը շատ վտանգավոր հեռավորության վրա են հայաբնակ շրջաններից: Եթե քրդերի դեպքում Թուրքիայի նախագահը հիմք կամ բացատրություն ունի, թե ինչու է ձգտում քրդերից զտել Հյուսիսային Սիրիան, ապա քրիստոնյաների դեպքում նման հիմք կամ բացատրություն որևէ մեկը չունի»,- նշեց նա:
Քաղաքագետի խոսքով` ավելի վատ վիճակ կարող է ստեղծվել Հյուսիսային Իրաքի եզդիաբնակ շրջաններում, որտեղ կան նաև հայեր, նույնիսկ` հայաբնակ շրջաններ: «Մենք մի նոր նուրբ վտանգի առջև ենք: Պատմականորեն թուրք-պարսկական պատերազմները միշտ անցել են հայերի հողերով: Հիմա ով շահի, ով հաղթի` տարբերություն չկա, պատերազմական վիճակը բերելու է նրան, որ խաղաղ բնակչությունը, բնականաբար, տուժելու է, էլի արտագաղթի, հողեր, տներ լքելու, հումանիտար աղետի հարց է»,- ասաց նա:
Ըստ Շաքարյանցի` դա մեզ հնարավորություն է ընձեռում առնվազն երեք պետություններից պահանջել, որ ԱՄՆ-ը, որպես Թուրքիայի իրական տեր (Թուրքիայի իրական պարտքերի 90%-ի տերը ԱՄՆ-ն է), Ռուսաստանն ու Իրանը, որպես Թուրքիայի հետ գործարքի մեջ մտած տերություններ, անհապաղ, ինչ-որ լծակներ օգտագործելով, ճնշեն էրդողանին, որպեսզի նա դադարեցնի բոլոր կարգի ռազմական գործողությունները թե' Հյուսիսային Սիրիայում, թե' Հյուսիսային Իրաքում:
«Կամ ՌԴ-ն ԱՄՆ-ն ու Իրանը կասեցնում են ցեղասպանությունների նոր հնարավորությունը, որովհետև Աֆրինի պատմությունը ապացուցված է, որ ցեղասպանություն է, կամ էլ այն ժամանակ, երբ հետևանքներ են գոյանալու, մենք իրավունք կունենանք մեղադրելու ԱՄՆ-ին, ՌԴ-ին և Իրանին, որ նրանք աջակից են եղել Թուրքիային ցեղասպանություն իրականացնելու մեջ: Եթե այդ երեք պետությունները չկանգնեցնեն Թուրքիային, ապա ցեղասպանությունն անխուսափելի է, Աֆրինն էլ ապացույցն է»,- հայտարարեց նա:
Շաքարյանցի խոսքով` Հայաստանն իրավունք ունի պահանջելու այդ երեք պետություններից, որ նրանք բոլոր կարգի լծակներն օգտագործեն, որպեսզի կասեցնեն Էրդողանի ախորժակը: «Ինչ եղել է 1915 թվին, նույնը կարող է կրկնվել հիմա. թուրքը միշտ եղե լէ հանցավոր գործիք այլ պետությունների ձեռքին, իսկ կազմակերպիչները միշտ մնացել են ստվերում: Բոլորիս հայտնի է` ով է «Իսլամական պետություն»-ը ստեղծել, մեծացրել շան պես, թողել, որ հարձակվի Սիրիայի քրիստոնյա շրջանների վրա: Հիմա վտանգված է բոլոր կարգի քրիստոնյաների անվտանգությունը»,- ասաց նա:
Իսկ թե ի՞նչ կարող է անել Հայաստանը, Շաքարյանցն ասաց. «Կարող է ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում հարուցել հարց, էլ չեմ ասում` ունենալով երկկողմ հարաբերություններ ՌԴ-ի և Իրանի հետ, բանագնաց ուղարկել այդ երկրներ, ինչպես նաև այլ կարգի գործողություններ կազմակերպել տեղում` Սիրիայում և Իրաքում: Հայերը, ինչպես նաև այլ քրիստոնյաներ, պայմանագիր են կնքել «Հըզբոլլահի» հետ, ըստ որի` միմյանց աջակցում են ահաբեկիչների դեմ պայքարում, իսկ այսօրվա Թուրքիայի գործողությունները պետական ահաբեկչությունն են»: