Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018թ. մարտի 29-ից 31-ը Երևանում անցկացվելու է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» և «Բիզոն» ցուցահանդեսների ընկերությունների միավորում» փակ բաժնետիրական ընկերությունները:
Ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում հայկական կազմակերպությունների նվաճումները և երկխոսության արդյունավետ հարթակ դառնալ մասնակից երկրների զինվորականների, գիտական և գործարար շրջանակների միջև, ինչպես նաև խթանել միջազգային համագործակցության հետագա ընդլայնումը:
Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է հարուստ գիտագործնական ծրագիր, մասնավորապես, անցկացվելու է ռուս-հայկական կլոր սեղան ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի ՀԱՊԿ ռազմատնտեսական (տեխնիկական) համագործակցության հարցերով կոլեգիայի խորհրդի և ՀՀ շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների համատեղ նիստի ձևաչափով և երկրորդ հայ-ռուսական ռազմարդյունաբերական կոնֆերանսը, ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական կոմիտեին կից գործարար խորհրդի հերթական նիստը և այլ միջոցառումներ:
«Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրի ավելի քան 1500 մ2 տարածքում ցուցադրվելու են սպառազինության և ռազմական նշանակության արտադրանքի նորագույն նմուշներ՝ կապի միջոցներ, օպտիկաէլեկտրոնային սարքավորումներ, ռոբոտատեխնիկական համալիրներ և այլն:
Ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցելու են 34 հայկական և ավելի քան 30 կազմակերպություն 14 երկրից, այդ թվում` ռուսաստանյան «Ռոսոբորոնէքսպորտ», «Կոնցեռն ՎԿՈ «Ալմազ-Անտեյ», «ՆՊԿ «ՈՒրալվագոնզավոդ», «ՌՍԿ «ՄԻԳ» բաժնետիրական ընկերությունները, հնդկական «ԲԵԼ» և «ԼԱՐՍԵՆ&ՏՈՒԲՌՈ» ընկերությունները, ինչպես նաև ընկերություններ Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից և այլ երկրներից: Բացի թվարկածներից, ևս 30 արտերկրյա ընկերությունների ներկայացուցիչներ ժամանելու են իրենց արտադրատեսակները ներկայացնելու և գործարար կապեր հաստատելու նպատակով:
Ցուցահանդեսին և վերը նշված միջոցառումներին մասնակցելու նպատակով ժամանելու են ավելի քան 10 երկրների պետական պատվիրակություններ Հունաստանից, Հնդկաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից և այլ երկրներից: Մասնակցելու է նաև ՀԱՊԿ-ի պատվիրակությունը: