Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-ին այցելել է Մելբուրն քաղաք, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեղեկացնում է «Ապառաժ»-ը:
Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել ավստրալահայերի հետ, որը կազմակերպվել էր Համազգայինի տեղի կենտրոնում՝ ՀՅԴ Ավստրալիայի կենտրոնական կոմիտեի աջակցությամբ՝ «Արցախ Րութս Ինվեսթմընթս» (ԱՐԻ) ընկերության կողմից իրականացվող ծրագրերում նոր բաժնետերերի ներգրավման անհրաժեշտությունն ընդգծելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին Մելբուրնի հայկական գրեթե բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ա. Հարությունյանը իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ ԱՐԻ-ն իր էությամբ բոլորովին նոր ձևաչափ է Հայրենիք-Սփյուռք գործարար կապերի ամրապնդման առումով, որը զարգացման մեծ ներուժ ունի:
«Արցախն ունի տնտեսության զարգացման կայուն միջավայր, որտեղ անընդհատ նոր ներդրումների ներգրավման անհրաժեշտություն կա: Այս առումով, ԱՐԻ-ն համահայկական ներուժի օգտագործման համար լավ հարթակ է, որը ենթադրում է ոչ թե անհատույց նվիրատվություն, այլ՝ փոխշահավետ առաջարկ: Արդյունքում, ունենում ենք ակտիվ զարգացող Հայրենիք, որտեղ իր բաժին շոշափելի ներդրումն է ունենում նաև ԱՐԻ-ի յուրաքանչյուր բաժնետեր՝ պահպանելով նաև բիզնես հետաքրքրությունը»,- ասել է Ա. Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում պետնախարարն անդրադարձել է նաև Արցախում վերջին տարիներին արձանագրված սոցիալ-տնտեսական հաջողություններին, ապրիլյան պատերազմի հետևանքների հաղթահարմանը, պաշտպանունակության ոլորտում իրականացված նոր լայնամասշտաբ ծրագրերին, ինչպես նաև պատասխանել է ներկաներին հուզող տարաբնույթ հարցերի:
Այցի ընթացքում Ա. Հարությունյանը հյուրընկալվել է նաև Համազգայինի «Մեսրոպ Մաշտոց» և Սուրբ Աստվածածին հայ առաքելական եկեղեցուն կից գործող «Ակինյան» շաբաթօրյա դպրոցներում, որտեղ հանդիպել է աշակերտական և ուսուցչական անձնակազմերի հետ: Պետական նախարարը բարձր է գնահատել Սփյուռքի գաղթօջախներում հայապահպանման գործում հայկական դպրոցների դերը և ընդգծել է նրանց բացառիկ առաքելությունը, քանի որ ազգային ինքնության պահպանումն ուղիղ շաղկապված է լեզվամտածողության, ազգային դաստիարակության ու մշակույթի հետ: Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանել է նաև նրանց հետաքրքրող հարցերին:
Արցախի պետնախարարն այցելել է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցի և հանդիպել համայնքի հոգևոր պատասխանատուների հետ:
Ա. Հարությունյանը Մելբուրնում մասնակցել է նաև հայկական համայնքի կազմակերպած՝ Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Նշենք, որ Ա. Հարությունյանին Մելբուրնում ուղեկցում էին ԱՐԻ ընկերության տնօրենների խորհրդի մի խումբ անդամներ և Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը:
Պետական նախարարի աշխատանքային հանդիպումներն Ավստրալիայում շարունակվում են: