Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 28-ին Էդգար Նավասարդյանի՝ 18 հոգանոց արշավախմբի մի մասը Արա լեռան վրա տեղի ունեցած ձյան անկման հետևանքով ձյան հետ սահել էր լանջից ցած։ Պատահարի հետևանքով մահացել էր արշավախմի անդամներից` 36-ամյա Նաիրուհի Սիմոնյանը: Եվս երկու հոգի՝ Հրաչյա Հարությունյանն ու Էդգար Նավասարդյանը, կոտրվածքներով տեղափոխվել էին Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:
«Իզմիրլյան» ԲԿ-ի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Սահակ Սարիբեկյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երկու տղաներին էլ վիրահատել են, վիրահատություններն անցել են հաջող: «Հրաչյա Հարությունյանի մոտ անրակի կոտրվածք էր: Վիրահատել ենք, վիրահատությունից օրեր անց դուրս է գրվել հիվանդանոցից և հիմա տանն է՝ ամբուլատոր հսկողության տակ»,- ասաց Սարիբեկյանը:
Ինչ վերաբերվում է արշավախմբի ղեկավար Էդգար Նավասարդյանին, ապա նրա վնասվածքներն ավելի ծանր էին: Բժշկի խոսքով՝ Էդգարի մոտ աջ ազդոսկրի և աջ սրունքի զույգ ոսկրերի ծանր բեկորային կոտրվածքներ էին, նաև` տղան երկար ժամանակ այդ վիճակում մնացել է ձյան մեջ: «Էդգարին վիրահատել ենք, հիմա կարող ենք ասել, որ նա արդեն իսկ վերականգնողական փուլում է: Նա տեղափոխվել է հիվանդասենյակ: Հետվիրահատական վաղ շրջանում որևէ խնդիր չկա: Էդգարն արդեն իսկ ծունկը ծալում-բացում է»,- ասաց Սարիբեկյանը:
Հարցին` եթե կազդուրումն այս տեմպերով շարունակվի, Էդգարը կկարողանա՞ քայլել, բժիշկը պատասխանեց. «Էդգարը քայլելու է, ուղղակի սկզբնական շրջանում, բնականաբար, ոտքը ոչ թե ոսկրի, այլ տեղադրված իմպլանտների վրա կհենի: Ազդոսկրի բուժումը սովորաբար երկար ժամանակ է պահանջում՝ շուրջ 12 ամիս: Ես վստահորեն կասեմ, որ Էդգարը կազդուրվել է, երբ վերականգնողական փուլն էլ ավարտվի, և ունենանք այն արդյունքը, որն ակնկալում ենք»:
Սարիբեկյանի խոսքով՝ Էդգարը դեռ որոշ ժամանակ էլ կմնա հիվանդանոցում, ապա բուժումը կշարունակի տանը: