կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-12 13:06
Հասարակություն

Քաբաբն ավելի օգտակար է, քան McDonald’s-ի առաջարկածը. Դավիթ Պիպոյան

Քաբաբն ավելի օգտակար է, քան McDonald’s-ի առաջարկածը. Դավիթ Պիպոյան

Արդեն մի քանի տարի է, ինչ խոսակցություններ են շրջանառվում, որ Երևանում բացվելու է առաջին McDonald’s-ը: Ըստ լուրերի՝ արագ սննդի ցանցի առաջին կետը կբացվի Հանրապետության հրապարակի մոտ:

Այսօր ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը լրագրողներին հայտնեց, որ վերջերս այնպիսի ոլորտներում են ներդրումներ արվում, որ ասենք՝ լավ է, չենք ուզում ձեր ներդրումները:

Ըստ նրա՝ McDonald’s-ի գոյությունը մի շարք խնդիրներ է իր հետ «բերելու»: «Արագ սնունդ կոչվածը, գաղտնիք չէ, որ կիսաֆաբրիկատներն են, որոնց պատրաստման համար շեֆ-խոհարար հարկավոր չէ: Դրանք պատրաստվում են եռացող բուսայուղի մեջ, որում  ազատ ռադիկալների քանակն է ավելանում, ինչն օրգանիզմը տանում է ծերացման, կարող է դառնալ 2-րդ տիպի դիաբետի առաջացման պատճառ: Բարձր ջերմամշակում անցնող մթերքները պարունակում են նաև ակրիլամիդ, որը քաղցկեղածին նյութ է: Այսինքն՝ McDonald’s-ը Հայաստան բերելով՝ փորձելու ենք տեղ տալ սննդային չարիք արտադրող ընկերությանը»,- ասաց Պիպոյանը:

Բացի այդ, ըստ նրա, կարևոր է նաև արագ սննդի կետի համար նախատեսված վայրը: Այն, պարենային իրավունքի փորձագետի հավաստմամբ, այլ կլինի, եթե գտնվի տուրիստական վայրերում, այլ ոչ թե հենց Հայաստանի կենտրոնում:

Արագ սննդի ցանցն առաջին հերթին կվնասի երիտասարդների առողջությանը, քանի որ թոշակառուները, ըստ Պիպոյանի, դժվար թե գնան նման վայրեր: «Հավանաբար շատերի մտքով է անցել, թե ինչու, երբ իրենք տանը հավ են պատրաստում, այդքան փափուկ չի լինում, որքան արագ սննդի վայրերում: Հավի նագեթս կոչվածի մեջ հավի միսը կազմում է 50-60 տոկոս, իսկ մնացածը կաշի է, տարբեր մթերքներ, հավելումներ: Մեր քաբաբն իրականում շատ ավելի առողջարար է, քան McDonald’s-ում մատուցվող ցանկացած ուտեստ: Քաբաբը պարունակում է հավի սպիտակ միս, լավաշ և վրան էլ ավելացնում են օգտակար բաներ՝ սոխ, լոլիկ, կաղամբ»,-ասաց Պիպոյանը:

Նրա խոսքով՝ լավ կլիներ, որ առողջապահության նախարարությունը, հակածխախոտային քաղաքականությանը զուգահեռ, նաև առողջ սննդով զբաղվեր, քանի որ աշխարհի լավագույն սննդակարգն ունեցող երկրից վերածվել ենք աշխարհի վատագույն սննդակարգն ունեցողի: