կարևոր
3124 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-04 21:53
Քաղաքական

ՀՀ իշխանությունների առաջարկածը ոչ թե խաղաղություն է, այլ պարտվողականություն

Այսօր, հոկտեմբերի 4-ին ՀրապարակTV-ի «Հանդիպում» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Արտաշես Շահբազյանը: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին օրերի ներքաղաքական բուռն գործընթացներին, որոնք միտված են Հայաստանը վտանգավոր և ծանր իրավիճակից դուրս բերելուն:

Կարևորելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերը երկրի ամենաազդեցիկ քաղաքական և պետական գործիչներին այդ նպատակով մեկ սեղանի շուրջ համախմբելու ջանքերը` Արտաշես Շահբազյանը ընդգծել է, որ դա անհրաժեշտ քայլ էր հասարակության համախմբում առաջ բերելու համար: «Ես չէի ասի, թե դա ինչ-որ հատուկ բանավեճ էր, ինչպես նշել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Իմ կարծիքով` այդ հանդիպումը վկայությունն էր այն բանի, որ երկիրն իսկապես գտնվում է ծանր վիճակում և պետք է այդ վիճակից դուրս գալու ելքեր որոնել լիակատար համախոհությամբ: Շատ տեղին էր ընտրված նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի կերպարը` որպես սիմվոլ` այդ հարթակը գլխավորելու և քննարկումները շարունակական դարձնելու իմաստով»,- ասել է Արտաշես Շահբազյանը:

Նա նաև ընդգծել է, որ պետք է կարողանանք մեր հասարակությանը համախմբել բոլորին միավորող գաղափարի շուրջ, ինչպես դա տեղի ունեցավ 1988-ին, երբ ձևավորվեց Արցախյան շարժումը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր ժողովուրդը չի համախմբվում ՀՀ իշխանությունների առաջարկած խաղաղության գաղափարի շուրջ, Արտաշես Շահբազյանը նշեց, որ այն ինչ գործող իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկվում է որպես խաղաղություն կամ խաղաղության գաղափար, իրականում պարտվողականություն է և անվերջանալի զիջումների շարք, որ մեզ լավ տեղ չի հասցնելու:

Մանրամասները` տեսանյութում: