կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-08 11:55
Առանց Կատեգորիա

Շվեյցարացի ներդրողի համար գլխավոր նախապայմանը Հայաստանում լավ գործընկեր գտնելն է

Շվեյցարացի ներդրողի համար գլխավոր նախապայմանը Հայաստանում լավ գործընկեր գտնելն է

 Շվեյցարացի ներդրողին Հայաստանում նախեւառաջ անհրաժեշտ է  լավ գործընկեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Շվեյցարիայում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ, Հայաստանի զարգացման հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը:

«Մնացած ամեն ինչը՝ օրենսդրական դաշտ, սեփականության իրավունք, բոլոր այն ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնք ներդրողին պետք է պաշտպանեն,  ես հավատում եմ, որ կան: Այո, իհարկե, որոշ թերություններ բիզնեսի այս կամ այն փուլում կարող են լինել, բայց դրանք կան բոլոր երկրներում: Ես կարծում եմ, որ առաջին նախապայմանն այստեղ լավ գործընկեր գտնելն է, լավ հային գտնելն ու նրա հետ աշխատելն  է»,- ասաց նա: 

Հայ-շվեյցարական առեւտրային հարաբերությունները գոհացուցիչ են, եւ թեպետ նախորդ տարի երկու երկրները բավականին մեծ աճ են գրանցել առեւտրաշրջանառության ծավալներով, այնուամենայնիվ, Հայկ Հովհաննիսյանը հավատում է, որ երկկողմ առեւտուրն ակտիվացնելու շատ ավելի նեծ ներուժ կա:

«Եվ երկու երկրների մեջ տեսնում եմ շատ նմանություններ եւ ընդհանուր եզրեր: Ինչպես Ժնեւում Դոմինիկ դը Բյումանը միջոցառումներից մեկի ժամանակ նշեց, որ երկու երկրները շատ նման են, երկուսն էլ ունեն ոչ շատ մեծ բնակչություն, չունեն ծով, շրջապատված են բավականին մեծ հարեւաններով, բայց միաժամանակ կրեատիվ են, խելացի եւ միջազգային թատերաբեմում ունեն լավ ընկերներ: Նա տեսնում  է հնարավորություն, որ Հայաստանը կարող է դառնալ մեր տարածաշրջանի Շվեյցարիան: Սերտորեն աշխատելով նրանց հետ, սովորելով նրանցից, բերելով  որոշակի գիտելիքներ՝ ինձ թվում է որոշակի ժամանակահատվածում կկարողանանք ձգտել եւ հասնել Շվեյցարիայի մակարդակին»,-ընդգծեց Շվեյցարիայում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բավականին գրավիչ է հնչում եվրոպացի ներդրողի համար: Կարեւոր գործոն է նաեւ Իրանի հետ համագործակցությունը:

«Կարեւոր է, որովհետեւ Իրանն այսքան բաց, թափանցիկ, սահմանափակումներով չխեղդված հարաբերություններ շատ քիչ երկրների հետ ունի: Շվեյցարացի գործարարների հետ խոսելիս նկատվում է, որ նրանց ուշադրության կենտրոնում հենց այդ հանգամանքն է. ԵԱՏՄ՝ շատ լավ է, Իրան՝ շատ ավելի լավ է»,-ասաց նա:

Հայկ Հովհաննիսյանը խոսեց զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների զարգացման բնագավառում համագործակցության մեծ հեռանկարների մասին: Նա, մասնավորապես, տեղեկացրեց, որ ներկայումս ուսումնասիրության փուլում է Հայաստանում փոքր ջրամբարների կառուցմանն առնչվող նախագիծը:

«Դա մի հնարավորություն է, որը թույլ կտա ջրառատ սեզոնին ամբարել ջուր եւ ոռոգման սեզոնին բավականին շատ հարցեր լուծել շատ համայնքների համար: Միաժամանակ այն  որոշակի էներգետիկ ներուժ է ունենալու. այս մասին եւս մի քանի շվեյցարացի գործարարների հետ նախնական զրույց ենք ունեցել, եւ պետության կողմից համապատասխանաբար հանրային եւ մասնավոր գործընկերության մեխանիզմ մշակելու պարագայում, ինձ թվում է՝ նրանք  պատրաստ կլինեն ներգրավվելու նման ծրագրում»,-ասաց Հայաստանի առեւտրային ներկայացուցիչը:

Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ գնդակն այժմ հայաստանյան մասնավոր սեկտորի դաշտում է, հնարավորությունը՝ հայ գործարարի ձեռքում՝ բացվել աշխարհին, գտնել գործընկերներ, ստեղծել վստահելի իմիջ իր եւ իր երկրի համար: