կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-19 15:05
Հասարակություն

Պարգևներ` ուսանողական մարզական խաղերի հաղթողներին

Պարգևներ` ուսանողական մարզական խաղերի հաղթողներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր պարգևներ է հանձնել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերին ակտիվ մասնակցություն ցուցաբերած բուհերին: Նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա բոլոր մարզիկներին և նրանց մարզիչներին՝ արձանագրված հաջողության համար:

«Այս տարվա ուսանողական մարզական հաջողությունները իսկապես գոհացուցիչ են,  որը  համատեղ աշխատանքի արդյունք է: Ուսանողական սպորտը ոչ միայն պահպանվել է այս տարիների ընթացքում, այլ նաև գրանցել է շատ լավ արդյունքներ: Ուսանողական սպորտի և ֆիզկուլտուրայի ոլորտում, իհարկե, անելիքներ շատ կան՝ մարզադահլիճների և գույքի խնդիրների լուծում, ուսանողության շրջանում մասսայականացման ապահովման խնդիր: Հույս ունենք, որ ձեռք բերված հաջողությունները կարևոր դեր կխաղան երիտասարդների շրջանում, որպեսզի նրանք հետագայում  հասնեն  ավելի բարձր և լուրջ  բարձրունքների: Ձեր տպավորիչ արդյունքներով դուք ոչ միայն մեր համակարգի ցուցանիշներն ուղղեցիք, այլ նաև  լուրջ ներդրում ունեցաք սպորտի տարվա ամփոփիչ ցուցանիշներում»,-նշել է նախարարը:

Նշենք, որ 2017 թվականին կազմակերպվել և անց են կացվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերը: Ծրագրում ընդգրկված տաս` շախմատ, սեղանի թենիս, հրաձգություն, լող, աթլետիկական կրոս, ձյուդո, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ և հանդբոլ մարզաձևերի մրցումներին մասնակցել են 20 բուհի 1200 ուսանող-մարզիկներ, 150 դասախոս-մարզիչներ, 343 մրցավար և սպասարկող անձնակազմի անդամներ: Ընդհանուր առմամբ` մրցումներում խաղարկվել են հաղթողի 12 գավաթ և 388 մեդալ, այդ թվում՝ 127 ոսկի, 127 արծաթ և 134 բրոնզ: Գավաթներ և մեդալներ են նվաճել 16 բուհերի թիմեր և մարզիկներ:

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարան,  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի, Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչները խրախուսվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով: Մատաղ սերնդի դաստիարակության և սպորտի մասսայականացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Յուրա Գրիգորյանն արժանացել է ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևի` «Ոսկե հուշամեդալի»:

ՀՀ ԿԳՆ