կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-15 19:20
Հասարակություն

Համագործակցության նոր փուլ կլինիկական հետազոտությունների ոլորտում

Համագործակցության նոր փուլ կլինիկական հետազոտությունների ոլորտում

Նպատակ ունենալով խրախուսել ու շարունակել ակտիվ համագործակցությունը կլինիկական հետազոտությունների ոլորտում ԵՊԲՀ-ի և «ԷՖ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա» ընկերության միջև այսօր կնքվեց փոխըմբռնման հուշագիր:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և «ԷՖ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանիի կողմից կնքված հուշագրով նախատեսվում է զարգացնել արդեն առկա  համագործակցությունը:

Կողմերը հաստատեցին  իրենց պատրաստակամությունը՝ համագործակցել Հայաստանում կենսատեխնոլոգիայի, մասնավորապես`  կլինիկական հետազոտությունների ոլորտում առաջատար միջազգային կազմակերպությունների փորձի ներդրման ուղղությամբ:  Այդ նպատակով կիրականացվեն քայլեր ուղղված  բժշկական ոլորտում գիտական հետազոտությունների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ու բարեփոխումներին:

 ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ կլինիկական հետազոտությունների ոլորտը գերականերից է և  բժշկական համալսարանն ունի դրանց իրականացման համար ամենամեծ ներուժը:

«ԷՖ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանիի խոսքով՝ այս հուշագիրը հրաշալի հնարավորություն է երկու կազմակերպության համար, ինչը կխթանի մեր երկրում կենսատեխնոլոգիայի զարգացմանը։ Հայաստանի  առավելություններից է այն, որ  գրավում է  աշխարհագրական կարևոր դիրք, մարդիկ տիրապետում են մի քանի լեզուների, նրանց տրվում է բարձր մակարդակի բժշկական կրթություն։

Նրա գնահատմամբ կնքված փաստաթուղթը օգտակար կլինի  ոչ միայն սովորողների, այլև բժիշկների ու հիվանդների  համար և կապահովի համագործակցության նոր փուլ կլինիկական հետազոտությունների ոլորտում:

Նշենք, որ Հայաստանում ավելի քան 200 աշխատատեղ ապահովող ընկերությունն առաջիկայում ծրագրում է հիմնել կենսատեխնոլոգիական լաբորատորիա, ինչն  էականորեն կնպաստի կենսահամարժեքության ոլորտում առկա խնդիրների լուծմանը, նոր մոտեցումների կիրառմանն ու կատարելագործմանը: