կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-06 14:38
Հասարակություն

Մակրոնը նամակ է հղել Արամ Ա-ին՝ անդրադառնալով Արցախյան հիմնահարցին

Մակրոնը նամակ է հղել Արամ Ա-ին՝ անդրադառնալով Արցախյան հիմնահարցին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին:

Մակրոնն առաջին հերթին վստահեցրել է, որ Ֆրանսիան միջազգային իր դաշնակիցների հետ շարունակելու է աշխատել խաղաղության և ապահովության համար, հատկապես` Միջին Արևելքում՝ պահպանելով ազգային և կրոնական զանազանությունն ու ինքնությունը, որը շրջանի յուրահատուկ հատկանիշներից է:

Նա նաև նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է պայքարել ծայրահեղության դեմ՝ պաշտպանելով ազգային և կրոնական ծայրահեղության ու բռնության զոհ դարձած համայնքներին:

Անդրադառնալով  Սիրիայի ճգնաժամին՝ Մակրոնը շեշտել է արդարության վրա հիմնված` ճգնաժամի քաղաքական լուծման կարևորությունը, որպեսզի Սիրիայի ժողովուրդը` բոլոր համայքները, կարողանան ապրել խաղաղության մեջ՝ հարգված տեսնելով իրենց մարդկային իրավունքները:

Ֆրանսիայի նախագահը նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: Նշելով, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց Միջին Արևելքը դեռևս ապրում է բռնության և բռնակալության մթնոլորտում՝ Մակրոնը վստահեցրել է, որ Ֆրանսիան հավատարիմ է իր դիրքորոշմանը և շարունակելու է շեշտել ճշմարտության ու հավաքական հիշողության պահպանման կարևորությունը աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում:

Մակրոնը միաժամանակ ընդգծել է, որ «Ֆրանսիան անկեղծ բարեկամ է Հայաստանի և ամբողջ աշխարհում ապրող հայերի համար»:

Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ «Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրով բանակցություններում մնայուն լուծում գտնելու հարցին՝ հօգուտ շրջանի բոլոր ժողովուրդների»:

Նամակի ավարտին Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի և Լիբանանի միջև գոյություն ունեցող հզոր բարեկամությունը՝ Լիբանանը որակելով գոյակցության, բազմազանության և ժողովրդավարության օրինակելի երկիր, ուր հայ համայնքն ունի իր կարևոր դերը: