Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, առանձնազրույցից և ընդլայնված կազմով բանակցություններից հետո, հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։ Նրանք պատասխանել են նաև յուրաքանչյուր կողմից մեկական հարցի։
Ռոսիա 1 հեռուստաընկերության լրագրողը դիմելով ՌԴ վարչապետին նկատել է, որ վերջերս մամուլում շատ է խոսվում երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին: Մասնավորապես, խոսքը ներդրումների, մեքենատրակտորային համակարգերի ստեղծման, հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ Ռուսաստան մատակարարելու և հանրապետության ջերմոցային տնտեսության մեջ մեր կողմից ներդրումներ կատարելու մասին է: Հարցին, թե ինչպե՞ս է զարգանում այդ հարաբերությունների համակարգը և ինչպիսի՞ն է դրա ներուժը, Մեդվեդեւը պատասխանել է.
- Զարգանում է լավ: Ակնհայտ է, որ այստեղ համագործակցության համար մենք ունենք ամուր հիմքեր: Մեր երկրում շատ տարածված են հայկական մրգերը, հյութերը, պանիրները և մի շարք պտուղ-բանջարեղենային պահածոները, որոնք արտադրվում են Հայաստանում ու աչքի են ընկնում արտակարգ որակով: Հայկական ծիրանը դա առանձին թեմա է:
Ես նոր իմացա, իմ գործընկերը տեղեկացրեց, որ կա «ուշ ծիրան» հասկացողություն, որը հիմա են հավաքում, այնպես որ ծիրանային պատմությունը շատ երկար է: Այնպես որ, ներուժը շատ մեծ է, հատկապես՝ հաշվի առնելով, որ մեր երկիրը սեփական գյուղատնտեսությունը զարգացնելուց բացի, դեռ պահպանում է մի շարք երկրներից պտուղ-բանջարեղենային արտադրանքի մատակարարումների նկատմամբ հետաքրքրությունը, ինչը, բնականաբար, նպաստում է, որպեսզի մեծացնենք փոխգործակցությունը Եվրասիական միության մեր բարեկամների ու գործընկերների, մասնավորապես՝ Հայաստանի հետ: Մենք գուցե դեռ չունենք նման խոշոր ու առաջադեմ նախագծեր ջերմոցային տնտեսության ու վերամշակման առումով և պետք է անպայման դրանով զբաղվենք, բայց մենք պատրաստ ենք շարունակել աշխատել գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքի մատակարարման հարցերով, կամ պարզ ասած՝ մեր գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումներով:
Այստեղ մի շարք տարբերակներ ունենք և՛ աջակցության շրջանակում, և՛ այն աշխատանքային քարտեզի, որը պատրաստել ենք մեր մեքենաշինատրակտորային կայանների պետական ցանցի զարգացման շրջանակում, որոնք կարող են աշխատել Հայաստանում: Այնպես որ, կարծում եմ, որ ունենք շատ մեծ հնարավորություններ այս, ինչպես նաև՝ այլ ուղղություններով: Մենք այսօր քննարկել ենք մի շարք հարցեր, կապված ոչ միայն գյուղատնտեսության հետ, այլ նաև զբաղվել ենք էներգետիկայով: Ցանկանում եմ հայտնել, որ որոշում է ընդունվել, որը միգուցե առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության գործունեության համար: Դրա էությունն այն է, որ հաջորդ տարի Հայաստանի համար պահպանվելու է հատուկ սակագինը, չնայած այն հանգամանքի, որ մինչ այդ մենք պայմանավորվել էինք դուրս գալ մի փոքր այլ չափանիշների վրա: Կարծում եմ, դա կնպաստի Հայաստանում ընդհանուր տնտեսական ու ներդրումային իրավիճակի բարելավմանը:
Նշենք, որ գազի գինը Հայաստանի համար 2018թ-ին կմնա նույնը: