Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տարբեր ընկերություններ ներկայացնող միջազգային ներդրողների խմբին՝ «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորությամբ:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է Հայաստանում «Լիդիան Ինթերնեշնլ»-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը և նշել, որ ՀՀ կառավարությունը բոլոր նախաձեռնություններում, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանն ու զբաղվածության աճին, կանգնած է ներդրողների կողքին որպես գործընկեր: Վարչապետը միաժամանակ ընդգծել է ընկերության կողմից բնապահպանական ու սոցիալական պարտավորությունների կատարման կարևորությունը:
Կարեն Կարապետյանը ներդրողներին է ներկայացրել մեր երկրի տնտեսության ներկայիս վիճակն ու հեռանկարները՝ ավելացնելով, որ արձանագրվող տնտեսական միտումները կարող են լավ հիմք լինել կայուն ու երկարատև աճ ապահովելու համար: Միաժամանակ, վարչապետը ներդրողներին հորդորել է Հայաստանը դիտարկել որպես եվրասիական և իրանական շուկաներ մուտք գործելու լավ հարթակ՝ հաշվի առնելով առկա առևտրային բարենպաստ ռեժիմները:
Հովարդ Սթիվենսոնը նշել է, որ «Լիդիան Ինթերնեշնլ»-ի օրինակով մշտապես փորձում են միջազգային ներդրողներին ներկայացնել, որ Հայաստանը կարող է բիզնեսի համար բարենպաստ հարթակ լինել: Նա նաև վստահեցրել է, որ ըստ սահմանված ժամանակացույցի ստանձնած բոլոր պարտավորությունները և սոցիալական ու բնապահպանական ծրագրերը կյանքի են կոչվելու և հավելել է, որ իրենց նախաձեռնած ծրագրից պետք է օգուտ քաղեն ինչպես համայնքները, այնպես էլ պետությունը:
Հանդիպման ընթացքում վարչապետ Կարապետյանը պատասխանել է ներդրողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են կառավարության բարեփոխումներին և բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին: