Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 1-ի երեկոյան տեսակապի միջոցով միացել է «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ի մասնակիցներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել սամմիթի ընթացքով և պատասխանել նրանց հարցերին։
«Սա հրաշալի նախաձեռնություն է, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր սկսել են այն: Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը մեծ հաջողություն կունենա: Այն շատ կարևոր է հատկապես Հայաստանի համար, որովհետև Հայաստանը, այնպես, ինչպես ես եմ տեսնում ապագայում, պետք է ուժեղ ներկայություն ունենա բարձր և նոր տեխնոլոգիաների ոլորտում և լինի ստարտափի երկիր: Միգուցե, մի օր մենք հնարավորություն կունենանք հռչակել Հայաստանը աշխարհի ստարտափի մայրաքաղաք,-ասել է նախագահը։-Ստարտափն այն ինստիտուտներից մեկն է, որը միավորում է այս երիտասարդներին, ինչը հիանալի է, և սա ամենակարևորն է»:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ խոսելով ստարտափերի հետագա զարգացման հեռանկարների ու պայմանների մասին՝ Հանրապետության նախագահն առաջին հերթին կարևոր է համարել որակյալ կրթությունը։ «Հայաստանն առաջատար երկրների շարքում դասելու համար անհրաժեշտ են մի քանի պայմաններ, և դրանցից մեկը կրթության բարձր որակն է։ Բարձր որակի կրթություն բոլորի համար՝ սկսած Երևանի կենտրոնից մինչև սահմանամերձ գյուղեր,-նշել է նախագահը:- Յուրաքանչյուր ուսուցչի հիմնական առաքելությունն է գտնել տաղանդավորներին, և ստարտափը կօգնի մեզ գտնել տաղանդներ»։
Հաջորդ կարևոր գործոնը Արմեն Սարգսյանը համարել է միջազգային առաջատար ընկերությունների ներկայությունը Հայաստանում, որոնք միջավայր կստեղծեն ստարտափերի զարգացման համար։ «Մենք չենք կարող միայն ստարտափ կամ լավ գաղափարներ ստեղծել, եթե չունենանք գիտության և նոր տեխնոլոգիաների ենթակառուցվածքներ։ Այդ իսկ պատճառով աշխատում ենք մի շարք խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են IBM-ը, Google-ը, Leonardо-ն՝ ապահովելու նրանց ներկայությունը Հայաստանում: Եթե միջազգային խոշոր ընկերությունները ներկա լինեն Հայաստանում, նրանք զարգացման հատուկ որակ կթելադրեն»:
Մյուս կարևոր գործոնը նախագահը համարել է փոխկապվածությունն աշխարհի հետ։ «Մենք բնական եղանակով կապված ենք աշխարհի հետ, քանի որ հայերն ապրում են ամենուր։ Շատ տաղանդավոր հայեր աշխատում են Կալիֆոռնիայում, Սիլիկոնյան հովտում,-ասել է նա: -Այնպես որ, կարևոր է ստեղծել հանգույց բոլորի միջև և ոչ միայն՝ հայերի: 21-րդ դարը լինելու է այն երիտասարդներինը, որոնք ունեն հավակնություն և խիզախություն՝ մարտահրավեր նետելու և ներկայացնելու իրենց նոր գաղափարները»:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պետք է բարենպաստ վայր լինի երիտասարդ տաղանդների համար․ «Երիտասարդ տաղանդները միշտ փնտրում են համապատասխան միջավայր, և այդ միջավայրը 21-րդ դարի տեխնոլոգիական տարածքն է: Այնպես որ, Հայաստանը պետք է ունենա նման տարածք»։
Նախագահը պատասխանել է նաև Հայաստանից և տարբեր երկրներից ժամանած երիտասարդների հարցերին։
«Սևան ստարտափ սամմիթ 2019»-ին մասնակցում է 120 ստարտափ թիմ Հայաստանից և 45 տարբեր երկրներից, ինչպես նաև ավելի քան 1000 ձեռներեց ողջ աշխարհից։ Սամմիթի նպատակը նորարարական գաղափարների խրախուսումն է, ինչպես նաև բիզնես աշխարհի ներկայացուցիչների միջև անկաշկանդ կապի հաստատումը։
«Սևան ստարտափ սամմիթ»-ի մասնակից թիմերի համար 2018 թվականից սահմանված է և հանձնվում է նաև Հանրապետության նախագահի մրցանակ