|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքիայի Գյումուշհանե նահանգի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում պեղումներ են կատարվել։ Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Սուլեյմանիե շրջանում՝ մահմեդական մզկիթի հարևանությամբ գտնվող եկեղեցու ներսը շուրջ 2-3 մետր լցված է եղել հողով. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են եկեղեցու շինությանը պատկանող սյուներ, զարդաքանդակներ, հայերեն արձանագրություններ։ Թուրք ճարտարապետ Յուսուֆ Բուրաք Դոլուի խոսքով՝ այս ամենից բացի, հայտնաբերվել են նաև տարրեր, որոնք բնորոշ են բացառապես մզկիթներին և հայկական եկեղեցիներում երբևէ չեն օգտագործվել։
«Երկու ուշագրավ դետալ կա. դրանցից մեկը սյուներից մեկի գագաթին հայտնաբերված երեք կիսալուսնի և սուլթանական կնիքի նշանն է։ Դա հայերի ժամանակներից մնացած և, ամենայն հավանականությամբ, 19-րդ դարավերջին կամ 20-րդ դարասկզբին ներկով արված պատկեր է։ Մյուսը նույնպես մի սյան գագաթին տեղակայված կապույտ ներկված մուքարնաս է (իսլամական ճարտարապետությանը բնորոշ, միստիկ իմաստ վերագրվող փեթականման քանդակ – հեղ.)։ Մուքարնասը սովորաբար օգտագործվում է մզկիթներում՝ սյուների գագաթներին կամ գմբեթի ստորին եզրերին։ Բայց այն օգտագործվել է այս եկեղեցում», -նշել է Դոլուն։
Թուրք ճարտարապետը նաև հավելել է, որ Սուրբ Աստվածածինը տարածաշրջանի մյուս եկեղեցիների նման երբևէ մզկիթի չի վերածվել։
«Մինչև 1915թ. հին Գյումուշհանեի շուրջ 15000 բնակչությունից 1500-ը հայեր են եղել։ Սա Սուլեյմանիեում միակ հայկական եկեղեցին է եղել»,- հավելել է Դոլուն։
Նա նշել է նաև, որ Սուրբ Աստվածածնից շուրջ 3 կմ հեռու գտնվող Վանք վանական համալիրը Արևելյան Անատոլիայից մինչև Սև ծով ընկած ողջ տարածաշրջանի հայերի համար ուխտատեղի է եղել։