Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան. «Հարգելի պարոն Ջահանգիրի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր պատվիրակության անունից ցուցաբերված ջերմ ընդունելության համար: Մենք մեր բարեկամ պետություն ենք եկել շատ լավ տրամադրությամբ:
Ունեցել ենք շատ կառուցողական և առարկայական հանդիպումներ, վերահաստատում եմ, որ համակարծիք եմ պարոն Ջահանգիրիի ներկայացրած նյութի հետ: Մենք վերահաստատել ենք մեր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, և առարկայական խոսել ենք այդ բոլոր թեմաների շուրջ:
Ամրագրել ենք, որ շահագրգռված ենք իրանական բիզնեսի, կապիտալի՝ Հայաստան ներգրավվելու հարցում, այն արտոնյալ ռեժիմները, որ ունի Հայաստանը՝ պատրաստ ենք բաց տրամադրել մեր իրանական գործընկերներին, երկկողմ հաստատել ենք, որ պատրաստակամ ենք մեծացնել հայ-իրանական հարաբերությունների ծավալները և հաստատակամ ենք վերացնել այդ ճանապարհին առաջացած խոչընդոտները, խոսել ենք տարածաշրջանային հնարավոր համագործակցության մասին:
Շնորհակալություն ենք հայտնել մեր իրանական գործըկներներին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերած դիրքորոշման համար: Կարծում եմ, որ մեր գործընկերները հստակ հասկացել են ինչ պետք է անել այլ հարթակներում, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովում, և պարոն Ջահանգիրիին մեծ սրտով հրավիրել ենք Հայաստան, որտեղ մենք պատիվ կունենանք ամփոփելու այն ժամանակահատվածը, որն այս այցից հետո մեր գործընկերների հետ համատեղ կանցնենք:
Կարծում եմ, որ պարոն Ջահանգիրին կհաստատի, որ շատ լավ տրամադրությամբ ենք դուրս եկել բանակցություններից և շատ լավատես ենք հեռանկարների առումով: Շնորհակալություն»:
Կարեն Կարապետյանի և Էսհաղ Ջահանգիրիի ներկայությամբ Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրվել են նաև մի շարք համաձայնագրեր: Մասնավորապես, երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել է գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այն հայկական կողմից ստորագրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, իսկ իրանական կողմից՝ ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Սուրենա Սաթարին: Հայաստանի մշակույթի նախարարության և ԻԻՀ մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարարության միջև ստորագրվել է մշակութային և գեղարվեստական փոխանակումների 2017-2020 թթ. ծրագիրը: Այն ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ԻԻՀ մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարար Աբբաս Սալեհին: Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության նախարարներ Իգնատի Առաքելյանն ու Մահմուդ Հոջադին ստորագրել են անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: