Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, որ իր ելույթը վերնագիր ունի՝ «Փողն ու իշխանությունը ոչինչ են»։
«1999 թվական, Վազգեն Սարգսյանը վարչապետ է, նայում է տնտեսությունը, պարզում է՝ տասնյակ բիզնեսմեններ ժամկետանց պարտքեր ունեն պետությանը, ցուցակը բաժանում է նախարարների միջև՝ «հանդիպեք, ասեք՝ պարտքը վերադարձնեն»։ Մի շաբաթից կանչում է՝ «զեկուցեք՝ ի՞նչ եք արել», նախարարներից մեկը զեկուցում է.
- Իմ ցանկում հինգ հոգի էին, չորսի հետ պայմանավորվել եմ, կվճարեն, հինգերորդի հետ հանդիպեցի, սուրճ խմեցինք, ասացի՝ պետության փողը պիտի վերադարձնես, ասաց՝ ձեզ տալու չունեմ, պետության մերն էլ։
- Այդպես էլ ասա՞ց, - հարցնում է Վազգեն Սարգսյանը։
- Այո, այդպես էլ ասաց։
- Դրան կբերես ինձ մոտ, - ասում է վարչապետը։
Գալիս են, ներս մտնում։
- Բարև ձեզ, պարո՛ն վարչապետ, - ասում է նախարարը։
- Բարև ձեզ, զեկուցե՛ք, պարո՛ն նախարար։
Մյուսն էլ է բարևում, վրան չի նայում, սենյակում էդպիսի մարդ չկա, գոյություն չունի։
- Այս մարդուն հանդիպեցի, պարո՛ն վարչապետ, ասաց՝ ձեզ տալու չունեմ, պետության...
Մյուսը փորձում է՝ «թույլ կտա՞ք, պարո՛ն վարչապետ». չկա, վրան չի նայում, գոյություն չունի։
- Դուք ուժային նախարար եք, չէ՞։
- Այո, պարոն վարչապետ։
- Գնդակահարել, ազատ եք։
Բիզնեսմենը չոքում է, կաղկանձում, հատակը, կարծեմ, թաց է։
- Կատարել, պարո՛ն նախարար։
Նախարարը շրջվում է, որ դուրս գա։
- Էս աղբն էլ հետդ տար, - ասում է Վազգեն Սարգսյանը», - պատմեց Աղվան Վարդանյանը՝ նշելով, թե երեք օր հետո պետության պարտքը վճարված էր։
Վարդանյանը պարզաբանեց, թե ինչու հիշեց այս պատմությունը։
«Անցել է 22 տարի, մարդիկ դուխավորվել են, այս դահլիճում փորձում են վարկաբեկել Վազգեն Սարգսյանին, փորձում են մեղադրել պետական հեղաշրջման մեջ, ինչպես «տմարդի» Ռոբերտ Քոչարյանին էին մեղադրում։ Ձեզ համարձակության համար 22 տարի՞ էր պետք, այն ժամանակ մեղադրեիք, թե՞ խառնել եք՝ ինչ է պետությունը, ի՞նչ է բիզնեսմենը», - ասաց Վարդանյանը։
Նա ասաց, որ խայտառակ պարտությունից, համազգային ողբերգությունից, Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանը պղծելուց հետո սա են անում՝ հանուն թուրք-ադրբեջանցիների հետ բարիդրացիության, հանուն փողի ու իշխանության։
«Միջանցյալ մի հարց էն պուճուրին՝ Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիից հանելու համար միայն Ստեփանակե՞րտ ես զանգել, թե՞ նաև ՀՀ կառավարություն։ Չեք հաջողեցնելու ոչնչացնել սիմվոլները, ձեր ժամանակը կարճ է, փողն ու իշխանությունը ոչինչ են ազգային, պետական մտածողության դիմաց. Վազգեն Սարգսյանը լինելու է, դուք՝ ոչ։ Այս կարճ խոսքի մեջ ես 11 անգամ տվեցի Վազգեն Սարգսյանի անունը, երկու անգամ՝ Ռոբերտ Քոչարյանի անունը, այս երկու անուններն ու էլի անուններ հաղթանակի հոմանիշ են, լսեք այս անունները, որ սրանից հետո 13 անգամ մտածեք խոսելուց առաջ», - ելույթն ավարտեց ընդդիմադիր պատգամավորը։