կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-26 22:31
Տնտեսական

Պետք է բարձրացնել գյուղտեխնիկայի շահագործման վերաբերյալ հայ ֆերմերների իրազեկվածության մակարդակը

Պետք է բարձրացնել գյուղտեխնիկայի շահագործման վերաբերյալ հայ ֆերմերների իրազեկվածության մակարդակը

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Միջին Ասիայում և Կովկասում «CLAAS» Global Sales ընկերության տարածաշրջանային գլխավոր մենեջեր Թոմաս Շտիգլերին և Կրասնոդարում «CLAAS» ընկերության գործարանի կոմերցիոն տնօրեն Միխայել Ռիտտերին: Հանդիպմանը ներկա էր նաև «CLAAS» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ, «Հրաշք Այգի» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Արթուր Իվանյանը:

 Հանդիպման սկզբում հյուրերը կարևորել են օգոստոսին Գեղարքունիքի մարզում Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում գյուղատնտեսական տեխնիկայի առաջին կայանի բացումը, որին ներկայացված է եղել նաև «CLAAS» ընկերության արտադրանքը: Միաժամանակ նրանք տեղեկացրել են, որ ընկերությունը նպատակադրված է ընդլայնել իր ներգրավվածությունը հայաստանյան շուկայում:

  «Շատ կարևոր է, որպեսզի հայ ֆերմերները ոչ միայն տեղեկացված լինեն «CLAAS» ընկերության արտադրանքին և դրա առավելություններին, այլև անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան ստանալ պատշաճ ծառայություններ», - ընդգծել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 Թոմաս Շտիգլերը նշել է, որ  իրենք հետաքրքրված են, որպեսզի «CLAAS» ապրանքանիշի գյուղտեխնիկան ավելի լայնորեն ներկայացված լինի Հայաստանում:  Նա նաև հավելել է, որ պատրաստ են քննարկել Ռուսաստանի Կրասնոդար քաղաքից գյուղտեխնիկայի ներմուծման հնարավորությունը, քանի որ այնտեղ ձևավորվել է արտադրության ամբողջական շղթա՝ հայ սպառողին այն առավել մատչելի և ճկուն պայմաններով տրամադրելու նպատակով:

 Զրույցի ընթացքում կողմերը համակարծիք են եղել, որ բացի «CLAAS» ապրանքանիշի գյուղտեխնիկայի և հարակից սարքավորումների ներմուծումը Հայաստան, կարևոր է նաև այդ տեխնիկայի շահագործման վերաբերյալ հայ ֆերմերների իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Այդ նպատակով ընկերության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել Հայաստան գործուղել համապատասխան մասնագետներ՝ տեղում ուսուցում կազմակերպելու նպատակով: Քննարկվել է նաև Հայաստանում «CLAAS» ընկերության տեխնիկայի սպասարկման կենտրոնի ստեղծման հնարավորությունը:

 Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գյուղտեխնիկայի պարկի արդիականացմանն առնչվող մի շարք այլ հարցերի: