կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-21 15:04
Աշխարհ

Լապշինը պատմել է՝ ինչպես են ադրբեջանցի քննիչներն անցկացնում հարցաքննությունները

Լապշինը պատմել է՝ ինչպես են ադրբեջանցի քննիչներն անցկացնում հարցաքննությունները

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը puerrtto.livejournal.com բլոգում ներկայացրել է` ինչպես են ադրբեջանցի քննիչներն անցկացնում հարցաքննությունները`վերնագրելով իր նյութը «Բաքվի մահացող մտավորականության մասին»:

Նա պատմում է, որ թեև իր հարցաքննություններն անցկացնում էին երկրի լավագույն քննիչները, ամբողջ գործընթացն անհեթեթ էր, և նրանցից, ի զարմանս իրեն, բազմաթիվ մեղադրանքներ է լսել Ռուսաստանի հասցեին:

Ըստ Լապշինի` քննիչները խաղում էին ձանձրալի «լավ-վատ ոստիկան» խաղերը, տասն անգամ նույն հարցը տալիս իրեն: Գնդապետ Քամալ Թալիբովը անդադար հարցրել է Լապշինին Հայաստանի հատուկ ծառայությունների հետ աշխատելու մասին: Բլոգերի կարծիքով` նա երևի հասկանում էր,  որ դատարկ գործով է զբաղվում, և ոչ մի հատուկ ծառայություն էլ չկա, բայց վերևներից պահանջում էին ցուցադրական գործընթաց, և նա առանց առանձնահատուկ եռանդի կատարում էր իր աշխատանքը:

Լապշինը պատմում է, որ քննիչներն անգամ խոստովանել են, որ այդ ամենն իրենց պետք չէ:

«Ամեն ինչ ակնհայտորեն մտածված էր որպես փոխհատուցում կորցրած Ղարաբաղի համար, իբր կորցրել են Աղդամն ու Շուշին, փոխարենը ճանապարհորդ բլոգերի են բռնել: Դա ինչ-որ առումով պետք է աջակցեր ադրբեջանական հասարակությունում հուսահատ տրամադրություններին»,- գրել է նա:

Լապշինը  նաև մեջբերել է իրեն հարցաքննությունների ընթացքում տրված անհեթեթ հարցերը: Օրինակ`«Դուք հայի նման չեք, ես նրանց հեռվից եմ զգում», «Ամառանոց չունե՞ք Ղարաբաղում։ Իսկ ասում էիք, որ ունեք: Ուրեմն չկա: Ասում եք` ինչպե՞ս է ձեր ամառանոցը», «Իսկ դուք մեզ չե՞ք ասի ձեր էլեկտրոնային փոստի գաղտնաբառը»: