Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջիկայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում Նյու Յորքում, խոսվում է նաև երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպման մասին:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է, որ հանդիպումը համաձայնեցված է, և որ դրա ընթացքում քննարկվելու է «գրավյալ տարածքներից» հայկական զորքերի դուրս բերման հարցը:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, Yerkir.am-ի հետ զրույցում Մամեդյարովի հայտարարությանն անդրադառնալով, նշեց, որ Մամեդյարովն ուրիշ տեղեկություն չի էլ կարող տալ:
«Եթե հանդիպումը վերաբերի կենդանական աշխարհի պահպանությանը կամ մանկապարտեզների զարգացմանը, ապա այդ դեպքում էլ նրանք պարտադիր առաջ են քաշելու տարածքների հարցը և ոչ միայն` այդ հանդիպման ժամանակ: Օրինակ` Ավստրալիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ էլ նրանք կարող են այդ տարածքների մասին խոսել»,- ասաց նա:
Բաբայանի խոսքով` այն, որ Ադրբեջանը դարձյալ բարձրացնելու է այդ հարցը, սպասելի է, բայց, ըստ նրա, դա չի նշանակում, որ այն, ինչ նրանք բարձրաձայնում են կամ ինչի մասին ուզում են խոսել, դրանից կարող է լինել ինչ-որ ադրբեջանամետ զարգացում: «Պարզապես նրանք միշտ այդ հարցերը բարձրացնում են, և մենք պետք է շատ զուսպ վերաբերվենք այդ խնդիրներին»,- շեշտեց նա:
Բաբայանն ընդգծեց, որ հանդիպման ժամանակ քննարկման առարկան լինելու է կայունության ու խաղաղության պահպանությունը: «Քննարկման ուրիշ ոչ մի այլ առարկա այսօր ես չեմ տեսնում: Ինչպես միշտ, անդրադարձ կկատարվի բանակցային գործընթացին, բայց հիմնականում քննարկվելու են խաղաղության ու կայունության պահպանման հարցեր»,- ասաց նա:
Երկու երկրների նախագահների հանդիպման մասին էլ Բաբայանը հստակ ոչինչ չասաց, միայն նշեց, որ խոսվում է այդ մասին, բայց պետք է տարվեն կազմակերպչական աշխատանքներ:
Նա նաև անդրադարձավ օրերս ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` haqqin.az-ին տված այն հարցազրույցին, թե Հայաստանը միջուկային զենք ունի: «Ես չեմ կարող ո'չ հերքել, ո'չ հաստատել Հրանտ Բագրատյանի հայտարարությունները մեր` միջուկային զենք ունենալու մասին: Կարող եմ մի բան հստակ ասել` մեր միջուկային զենքը մեր ժողովուրդն է, նրա կամքը, նրա անձնվերությունն ու հայրենասիրությունը, որը շատ ավելի ուժեղ է, քան ցանկացած միջուկային զենք»,- եզրափակեց Բաբայանը: