կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-01 12:25
Տարածաշրջան

Ինչպիսին «հերոսներն» են, այնպիսին էլ երկիրն է (մաս 2-րդ)

Ինչպիսին «հերոսներն» են, այնպիսին էլ երկիրն է (մաս 2-րդ)

Վերջերս  Նախիջևանի համազորային բանակի մասնակցությամբ իրականացվել են լայնածավալ զորավարժություններ: Բանակի հրամանատարության գնահատականով` զորավարժություններն անցել են բարձրագույն մակարդակով, և արդյունքները հրաշալի են եղել, իսկ բանակը ճանաչվել է Կովկասյան տարածաշրջանում ամենամարտունակը և կարող է կայծակնային արագությամբ ոչնչացնել Հայաստանը: Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 20-ին, Ադրբեջանի ղեկավարության որոշմամբ, ստեղծվել է, այսպես կոչված, «Նախիջևանի հատուկ համազորային բանակը», որի հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Քարամ Մուսթաֆաևը:

Ինչ նպատակներ է հետապնդել Ադրբեջանի ղեկավարությունը` ստեղծելով այդ բանակը, մեզ չի հետաքրքրում, թեև կարող ենք մի շարք պատճառներ նշել, որոնց թվում են նաև`

1.Նախիջևանի պաշտպանունակության ուժեղացումը,

2. զինված ուժերի կենտրոնացված վարչության մարտական պատրաստվածության բարձրացումը,

3. զինված ուժերի կենտրոնացված վարչության կատարելագործումը:

Առաջին հայացքից նման բանակի ստեղծումը ենթադրում է, որ պետք է ձևավորվի կարգապահ, օրինակելի, Կովկասյան տարածաշրջանում լավագույն բանակը, որին գովերգում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` հայտարարելով, թե «Ադրբեջանը հզոր երկիր է: Ադրբեջանն ունի ուժեղ բանակ»: Եվ պատկերացրեք, որ նման հզոր բանակի ՊՆ ղեկավարը, ելնելով զինծառայողների սեռական ակտիվությունից, ուրախությամբ ստորագրել է միասեռական հարաբերությունների օրինականացման մասին հրամանը, միևնույն ժամանակ  թաքցնելով ապրիլյան պատերազմի ժամանակ ունեցած իրական կորուստները, որոնց վերաբերյալ գաղտնի փաստաթուղթը, գեներալ-գնդապետ Ն. Սադիգովի ստորագրությամբ, վերջերս հրապարակվեց:

2015 թվականի  դեկտեմբերին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրեցին, որ Նախիջևանի բանակի մի շարք բարձրաստիճան սպաների նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նման ձերբակալությունների պատճառն այն է, որ բանակի հրամանատար Քարամ Մուսթաֆաևի եղբայրը` Նեմաթ Մուսթաֆաևը, սպաներից մեկի հետ խոսելիս ոչ պարկեշտ է արտահայտվել, արդյունքում` դեմքին հարված է ստացել: Հետաքննությունը ցույց է տվել, որ հրամանատարի եղբայրը շինարարական ընկերություն ուներ, որը հաղթում էր ռազմական նշանակության նոր օբյեկտների շինարարության բորլոր տենդերներում: Դրա մասին, սակայն, չգիտեր Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը: Վերոհիշյալ օբյեկտների շինարարության ժամանակ Մուսթաֆաև եղբայրները յուրացրել են պետական միջոցներ, սակայն դրա մասին ևս Հասանովը չգիտեր: Զարմանալի է այն, որ Նեմաթ Մուսթաֆաևը, ունենալով շինարարական ընկերություն, աշխատողներ չի ունեցել, նրանց փոխարեն աշխատել են Նախիջևանի բանակի ժամկետային զինծառայողները: Հայտնի է, որ շինարարական աշխատանքների ժամանակ մի քանի ժամկետայիններ դժբախտ պատահարի ժամանակ «հերոսաբար զոհվել են», ինչից հետո Ադրբեջանի ՊՆ-ի շնորհիվ դարձել «շեհիդներ», որոնք զոհվել են` պաշտպանելով Ադրբեջանի անկախությունը:

Փաստացի Մուսթաֆաևը եղել և շարունակում է լինել Նախիջևանի բանակում երկրորդ մարդը: Նա ունի մեծ արտոնություններ: Նա կարող է ցանկացած հրամանատարի հրամայել, որպեսզի այս կամ այն սպայի կամ զինվորի այլ պաշտոն տան, իսկ նրա եկամուտը կազմում է 5 000-10 000 ԱՄՆ դոլար:

Հարուստ է նաև Մուսթաֆաևի ընտանեկան բիզնեսը: Նրա կինը` Իլհամա Մուսթաֆաևան, մինչև որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելը ղեկավարել է բժշկական քոլեջ: Ամեն բան շատ պարզ է` ազգային բանակից գողացված գումարները ծախսվել են բժշկական քոլեջ ստեղծելու վրա: Նրանք անգամ հարկեր չեն մուծել, և այդ գումարն ուղղվել է նախընտրական արշավին, ինչի արդյունքում Իլհաման պատգամավոր է ընտրվել: Սակայն Մուսթաֆաևի շրջապատում ձերբակալություններից հետո Նախիջևանի Գերագույն մեջլիսի  ղեկավար Վ. Թալիբովի հրահանգով արգելվել է քոլեջի գործունեությունը, իսկ Մուսթաֆաևի կինը զրկվել է պատգամավորի մանդատից:

2015 թվականի դեկտեմբերյան իրադարձություններից հետո Նախիջևանի համազորային բանակում ի հայտ եկան  մի շարք խախտումներ: Ձերբակալվեց Նախիջևանի հատուկ համազորային բանակի ֆինանսական ծառայության պետ, գնդապետ Էլշադ Ռզաևը` Մուսթաֆաևի գանձապահը: Հետաքրքիր է`ինչպե՞ս կարող էր ենթասպան կարճ ժամանակում դառնալ գնդապետ` չունենալով զինվորական կրթություն: Նա երկար տարիներ գանձապահ է եղել`չունենալով մասնագիտական պատրաստվածություն: Այստեղ կարելի է միայն ասել այն, ինչ «շեհիդների» հուղարկավորության ժամանակ ասում է գնդապետ Աբդուլլա Գուրբանին`«Տակի վաթան սախ օլսուն», թարգմանաբար` «Միայն թե Հայրենիքը առողջ լինի»:

Ռզաևի ձերբակալությունից հետո պաշտոնից ազատվեց և, ամենայն հավանականությամբ, քրեական պատասխանատվության ենթարկվեց վերոհիշյալ բանակի ևս մեկ բարձրաստիճան սպա` գնդապետ Ալի Ասադովը: Ասադովը բանակի հրաձգարանի ղեկավարն էր, սակայն Կ. Մուսթաֆաևի հրահանգով զբաղվում էր շինարարական հարցերով և Նեմաթ Մուսթաֆաևի մոտ ընկերն էր: 

Այսպիսով` Նախիջևանի հատուկ համազորային բանակի մարտունակության արդյունքն այն է, որ սպայական կազմից անօրինական կերպով գումար է հավաքվում և հրամանատարության սիրելիները առաջ են գնում ծառայության մեջ: Բութ սպաներին ցուցաբերվող աջակցությունը և մասնագիտական պատրաստվածություն ունեցողների համար ստեղծվող խոչընդոտներն այն բանի արդյունքն էին, որ Բաքվից Նախիջևան էր ժամանում ստուգող հանձնաժողով, որը մինչև ուշ գիշեր մի շարք ռեստորաններում ալկոհոլ էր վայելում` «Кайфуем» երգի ներքո/ երգի հեղինակը ծնունդով Բաքվից հայ է/: Ի դեպ, ռեստորանները մինչև դեկտեմբերյան ձերբակալությունները պատկանում էին Նախիջևանի հատուկ համազորային բանակի գեներալ-լեյտենանտ Քարամ Մուսթաֆաևին:

Ինչպես ասում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «Ադրբեջանի գուջլու դովլաթդիր» («Ադրբեջանը հզոր երկիր է»), «Ադրբեջան գուջլու օրդուսու վար» («Ադրբեջանը ուժեղ բանակ ունի»):

Կարելի է կրկնել Ադրբեջանի ՊՆ-ի շեհիդների հուղարկավորության հարցերով զբաղվող վարչության նախկին գլխավոր պետ, գնդապետ Աբդուլլա Գուրբանիի խոսքերը` «Տակի վաթան սախ օլսուն», որը թարգմանաբար նշանակում է` «Միայն թե Հայրենիքը առողջ լինի»:

Փառք Նախիջևանի հատուկ համազորային բանակին:

Փառք Զաքիրին:

Փառք խան-թագավոր-նախագահին, ներողություն, ավելի ճիշտ` ԻլԽանին:

 

Բ. Գասպարյան