Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց երկու հիմնարար նոր օրենքների նախագծեր, այն է` «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերը: Առաջարկվում են մի շարք վերանայումներ՝ վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը: Արտոնություններ ունեցող քաղաքացիները մարտական հերթապահության մեջ ներգրավվելու են այսուհետ միայն կամավոր:
Եվս մեկ վերանայում կլինի: «Անկախ այն բանից` նույն զորամասում են, թե` ոչ, եթե նույն ընտանիքից երկու կամ երեք եղբայր ծառայում են, իրենց ցանկությամբ կարող են նույն զորամասը ընտրել: Դա կհեշտացնի ծնողների հետ շփումը և զինվորների ծառայության պայմանները»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Հստակեցվելու են զինվորների բուժզննման պայմանները և կարգը:
Ռազմաուսումնական հաստատություններում սովորող քաղաքացիները այժմ ի սկզբանե գիտեն, որ իրենք պարտավոր են 20 տարով պայմանագիր կնքել: «Իրական կյանքում այդ 20 տարվա պայմանագիրը ոչնչով սանկցիաների տեսակետից երաշխավորված չէ և քաղաքացու համար բավականին բարդություններ է ստեղծելու 18 տարեկանում՝ արդյո՞ք նա պատրաստ է ԲՈՒՀ-ի ուսումնական տարիներին գումարել ևս 20 տարի և նվիրել այդ տարիները ծառայությանը: Ուստի նախատեսվում է 20 տարվա սահմանագիծը իջեցնել մինչև 10 տարի, բայց` կուրսանտի ցանկությամբ: Եթե կուրսանտը ցանկություն ունի կնքելու պայմանագիրը 20 տարով, դա կպահպանվի»,- ասաց նախարարը:
«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Արդյունքում հնարավորություն կընձեռվի դրոշմանիշային վճարներն ամբողջ ծավալով փոխանցել Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին և կարգավորել դրոշմանիշային վճարների պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները: