| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Օգոստոսի 29-ին տեղի ունեցավ Նորաշեն համայնքի մանկապարտեզի բացման արարողությունը: Երկար սպասված այս իրողությունը մեծ ոգեւորություն էր առաջացրել համայնքում, եւ միջոցառմանը մասնակցում էր գյուղի մեծ մասը: Ներկա էին մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Արագածի տարածաշրջանի համայնքապետերը, բազմաթիվ հյուրեր այլ համայնքներից եւ մայրաքաղաքից:
Մանկապարտեզի բացման առթիվ նորաշենցիներին շնորհավորեց մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Նա ասաց, որ իր համար մեծ պատիվ է ներկա լինել նման արարողությանը, քանզի մանկապարտեզ կառուցել, նշանակում է՝ հավատ ունենալ վաղվա օրվա նկատմամբ: Մարզպետը շնորհակալություն հայտնեց նորաշենցի ծնողներին, ուսուցիչներին, բոլորին:
-Այս բարձր լեռների մեջ ապրելն ինքնին հերոսություն է, եւ դրանով է, որ մենք պետք է հաստատենք մեր ինքնությունը,-ասաց Աշոտ Սիմոնյանը եւ մաղթեց, որ մանկապարտեզի սաների թիվը տարեցտարի բազմապատկվի:
Համայնքապետ Արթուր Կարապետյանը եւս շնորհավորեց համագյուղացիներին՝ նշելով, որ 1946 թվականին կառուցված մանկապարտեզը 1997 թվականից ի վեր դադարեցրել էր իր գործունեությունը: Նախադպրոցական կառույցի հիմնանորոգումն իրականացվել է նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով՝ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի /այժմ՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ/ կողմից:
Մանկապարտեզի բացման արարողությունը նշանավորվեց եւս մեկ իրադարձությամբ. մանկապարտեզն անվանակոչվեց Նորաշեն համայնքի նշանավոր դեմքերից մեկի՝ Հայրենական պատերազմի մասնակից, Փառքի 2-րդ աստիճանի շքանշանակիր Վելիխան Մուքոյանի անվամբ: Այս կապակցությամբ իրենց երախտիքի խոսքն ասացին հերոսի զավակները՝ Հրայր եւ Ծովինար Մուքոյանները:
Ժամանակակից բոլոր չափանիշերին համապատասխան մանկապարտեզն այսօր արդեն շուրջ 60 սան ունի, ովքեր հաճույքով են այստեղ հաճախում: Նրանց թիվն, ի դեպ, աճելու միտում ունի:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին