կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-24 20:14
Քաղաքական

Արա Բաբլոյանը մասնակցել է Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողովին

Արա Բաբլոյանը մասնակցել է Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողովին

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մասնակցել է Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողովի բացմանը, որը նվիրված է ակնաբուժությանը եւ նեոնատոլոգիային:

Համաժողովին մասնակցում են մասնագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից, կովկասյան տարածաշրջանից, Կենտրոնական Ասիայից եւ Միջին Արեւելքից:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով անցկացվող համաժողովը, ելույթի իր խոսքում նշել է. «Այս նախագիծն իր պատմությամբ մեր երկրի անկախության գրեթե հասակակիցն է: Ստեղծված լինելով շուրջ քառորդ դար առաջ՝ այն բարձրորակ ակնաբուժական ծառայություն է մատուցում մեր բնակչությանը՝ զուտ առողջապահական ծրագրից վերածվելով սոցիալականի»:

Ծրագրի շրջանակներում ներգրավված բարձրակարգ մասնագետները ժամանակակից սարքավորումների, այդ թվում աչքի շարժական հիվանդանոցի միջոցով հաջողությամբ իրականացնում են տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց անհրաժեշտ բուժսպասարկում՝ հատուկ ուշադրություն դարձնելով սոցիալապես անապահովներին:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայկական ակնաբուժության նախագծի գործունեությունը, ինչի արդյունքում բնակչությանը մատուցվում են անվճար բարձրակարգ ակնաբուժական ծառայություններ, հայտնաբերվում եւ բուժման համապատասխան ընթացք է տրվում նորածնային անհասության ռետինոպաթիային: Արա Բաբլոյանը բարձր է գնահատել նախաձեռնության հիմնադիր, ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Հովհաննիսյանի գործունեությունը, ինչպես նաեւ հայաստանյան թիմի ակնաբույժների լուրջ ներդրումը նախագծին՝ պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի ղեկավարությամբ:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, շնորհակալություն հայտնելով Ռոջեր Հովհաննիսյանին, նշել է. «Ձեր ծրագրի հզորությունն այն էր, որ Դուք չկենտրոնացրեցիք ակնաբուժական ծրագիրը Մալայան կենտրոնում, կարողացաք այն իրականացնել ամբողջ Հայաստանով: Մենք տեսնում ենք այդ ծրագրի արդյունքները, նոր կենտրոնների զարգացումը, շարունակական աճը եւ նոր մոտեցումների ներդրումը: Հատուկ շնորհակալություն Ձեզ ու Ձեր բոլոր գործընկերներին»:

Խորհրդարանի ղեկավարը համաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք եւ կառուցողական երկխոսություն: