Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:
Վարչապետին զեկուցվել է Տավուշի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության ոլորտներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացվել ինտենսիվ այգիների հիմնման, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, կրթական և առողջապահական համակարգերի գործունեության և օպտիմալացման աշխատանքների մասին:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մարզի տարածքում վերջին տարիներին հիմնվել են 22.3 հա ինտենսիվ պտղատու այգիներ: Տնկարանային տնտեսություն ստեղծելու դեպքում այդ այգիները կարելի է ավելացնել՝ տարեկան 50 հա: Վարչապետը նշել է, որ վերլուծությունների և հաշվարկների համաձայն, գյուղատնտեսության ոլորտում ինտենսիվ այգիների հիմնումը հեռանկարային է, և ՀՆԱ-ի մեջ մեծ աճ է ապահովելու:
Խոսելով կրթական համակարգի բարեփոխումների մասին՝ Կարեն Կարապետյանը կարևորել է որակյալ կրթության ապահովումը: «Օպտիմալացումը ինքնանպատակ չէ. որևէ անտրամաբանական քայլ, որպեսզի գումար տնտեսենք, բայց մեր երեխաները, քաղաքացիները տուժեն` չի արվելու: Մենք ուղղակի ասում ենք` անտրամաբանական փող չծախսենք:
Անկասկած, սահմանամերձ համայնքների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք է լինելու: Չափազանց կարևոր է, որպեսզի 10-15 տարի հետո նման խորհրդակցությունների որակը, բովանդակությունը փոխված լինի: Մենք այսօր մեր երեխաներին պետք է կրթենք, որպեսզի գալիք սերունդը մեզնից ավելի խելացի, ռացիոնալ, հայրենասեր և գործունյա լինի: Չափազանց կարևոր է` ինչ պետք է անենք, որպեսզի սահմանամերձ համայնքներում ժամանակակից, որակյալ կրթություն ապահովենք», - ընդգծել է վարչապետը:
Մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետը ներկայացրել է կրթական գործընթացի ավելի արդյունավետ կազմակերպմանն ուղղված աշխատանքները: Նա նշել է, որ մարզի 5 դպրոց տեսադասեր է անցկացրել հանրապետության այլ դպրոցների հետ, արդյունքները դրական են, և նախատեսվում է այդ փորձը կիրառել նաև սահմանամերձ համայնքների դպրոցներում: Հիմնական խնդիրը կապված է ինտերնետ կապի հասանելիության հետ, որի լուծման ուղղությամբ էլ աշխատանք է տարվում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների հետ արագ քննարկել հարցը և օպտիմալ լուծումներ գտնել:
Վարչապետին մանրամասներ են ներկայացվել նաև Տավուշի մարզում փոքր ու միջին ձեռներեցության խթանմանն ու զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի մասին, քննարկվել են այդ ծրագրերում պետական աջակցության նպատակահարմարությունը և հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև մարզի խոշոր քաղաքային համայնքների զարգացման տեսլականին և առկա ներուժի օգտագործման ուղղությամբ կատարվող քայլերին, որոնք, կառավարության ղեկավարի գնահատմամբ, բավարար չեն:
Կարեն Կարապետյանն առաջարկել է կառավարություն ներկայացնել կոնկրետ հաշվարկներով և ֆինանսական գնահատականով բիզնես ծրագրեր: Անդրադառնալով մարզում բիզնես միջավայրն աշխուժացնելու հարցին՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է սեղմ ժամկետում վեր հանել առկա խնդիրները, առանձնացնել զարգացման հեռանկարային ուղղությունները և մշակել քաղաքականություն, որի իրականացումը կնպաստի մարզի տնտեսական զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և բնակչության ապրելակերպի բարելավմանը: