Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հերքեց լուրերն այն մասին, թե «Ժառանգություն» կուսակցությունում լուրջ խմորումներ կան, որի արդյունքում էլ Ստեփան Սաֆարյանն ու Հովսեփ Խուրշուդյանը չցանկացան ընդգրկվել «Ժառանգության» վարչության կազմում: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ որևէ խնդիր չկա, որ Ստեփան Սաֆարյանն ու Հովսեփ Խուրշուդյանը չցանկացան ընդգրկվել վարչության կազմում, որովհետև ունեին իրենց պատճառաբանությունները, սակայն ներքին խնդիրներ «Ժառանգությունում» չկան:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` տեղի ունեցել «Ժառանգության» վարչության կազմի ընդլայնում, որում ընդգրկվել են երիտասարդներ, և դա նորմալ պրոցես է, որ որոշ անդամներ չեն ընդգրկվել վարչության կազմում` իրենց տեղը զիջելով երիտասարդներին: Իսկ կենտրոնական գրասենյակի տեղափոխումը, Րաֆֆի Հովհաննիսյանը բացատրեց տեխնիկական պատճառներով` նշելով, որ այն այժմ գործում է Երզնկյան 75 հասցեում:
Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ` Հայաստանի քաղաքացիները երազում են միացյալ հրապարակի մասին, որտեղ միավորված կլինեն թե' քաղաքական ուժերը, թե' քաղաքացիական հոսանքները: «Մինչև հիմա կատարյալ հաջողության չենք հասել այդ միացյալ հրապարակը ձևավորելու հարցում, բայց, իմ կարծիքով, համակարգային փոփոխություններ և իշխանափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է միացյալ հարթակ: Աշնանը կերևա, թե չորս ոչ իշխանական ուժերի հանրահավաքը կվերածվի՞ գործողությունների, թե՞ ոչ: Հայաստանի քաղաքացին կարոտ է այդ քայլերին»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ եթե փետրվար ամսից այդ միացյալ հարթակը ձևավորվեր, ապա սոցիալական շատ հիմնախնդիրներ մինչ այժմ լուծված կլինեին:
Ըստ նրա` քաղաքական ուժերն ու քաղաքացիական հոսանքները ոչ միայն չպետք է սպասեն մինչև աշուն, այլև պետք է միավորվեն, որովհետև առանձին քաղաքական ուժը կամ առանձին քաղաքացիական շարժումը չեն կարող լուրջ արդյունքի հասնել:
Ինչ վերաբերում է քառյակի համագործակցությանը, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ խորհրդարանական համագործակցության առումով դա աննախադեպ համագործակցություն է, նորարարություն, և դա միայն պետք է ողջունել, այլ ոչ թե հեգնել: Պարզապես այդ համագործակցությունը, ըստ նրա, պետք է դառնա ավելի ընդգրկուն ու համապարփակ:
Հարցին` եթե քառյակի համագործակցությունը շարունակվի խորհրդարանական նիստերի ձևաչափում, հնարավո՞ր է, որ «Ժառանգությունը» դուրս գա այդ ձևաչափից, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ ոչ մի ուժ էլ դուրս չի գալու քառյակի ձևաչափից:
Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի հրավիրած հանրահավաքին, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ թեև «Ժառանգությունը» հրավիրված չէ այդ հանրահավաքին, սակայն հատուկ հրավերի չի սպասում, իրենք կմասնակցեն, բայց նախընտրելի կլիներ, որ այդ հանրահավաքը ոչ թե կուսակցական լիներ, այլ համընդհանուր: