|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Վերահսկիչ պալատի կողմից 2016 թվականին իրականացված վերահսկողության արդյունքում կազմված ընթացիկ հաշվետվություններից 3-ի մասով հարուցվել են քրեական գործեր: Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը:
«Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ այդ գործերը դեռևս գտնվում են նախաքննության փուլում, ես դրանց մասին այս պահին չեմ խոսի»,- ասաց նա:
Յոլյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, վերահսկողության արդյունքներն ամփոփվել են Վերահսկիչ պալատի` թվով 23 ընթացիկ հաշվետվություններում, որոնցից 9–ը` արտածրագրային վերահսկողության արդյունքներով: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հանրային ֆինանսական կառավարման ոլորտում տեղաշարժ է նկատվում, քանի որ աղմկահարույց դեպքեր չեն արձանագրվում: «Մեր վերահսկողության արդյունքներով` ես հիմա չեմ կարող առանձնացնել որևէ աղմկահարույց դրվագ այս ոլորտում»,- ասաց ՎՊ նախագահը:
Յոլյանն անդրադարձավ նաև Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների որակի և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: «Վերահսկիչ պալատի գործունեության անցած 10 տարիները որոշակիորեն օգտակար են եղել բոլորիս համար, և համոզված եմ, որ մենք այդ կուտակված փորձը լավագույնս կօգտագործենք մեր հետագա անելիքներում»,- ասաց նա:
Եզրափակելով խոսքը՝ ՎՊ նախագահը հույս հայտնեց, որ Ազգային ժողովի, կառավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում կարողանալու են լուծել իրենց առջև դրված խնդիրները: