կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-21 19:19
Իրավական

Հարուցվել է քրեական գործ Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ. Փաստինֆո

Հարուցվել է քրեական գործ Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ. Փաստինֆո

ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության  հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից` նշելով, որ քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե` նախաքննության:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ապրիլի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևան քաղաքում, որի  ենթադրյալ մասնակիցները  ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի տղան և փեսան են: Տուժողը ոստիկաններին հայտնել էր, որ վերջիններս իրեն ծեծել են գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի հրահանգով, ով այդ ամենին ականատես է եղել:

Նշենք, որ գեներալ-մայոր Երանոսյանը ներկայումս մեկ այլ քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի. Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ըստ նախաքննական մարմնի` 2018 թ. ապրիլին հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ նա կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս  պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։