Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ-ում սահմանադրության օրն է: Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանն այսօր լրագրողներին ասաց, որ հանրությունն այնքան էլ խանդավառված չէ այս տոնով: Եվ դա, ըստ նրա, պայմանավորված է մտածողությամբ, այլ ոչ թե սոցիալ-տնտեսական ծանր պայմաններով:
«Ընկերներս զանգում են, ասում՝ շնորհավոր տոնդ: Չեն գիտակցում, որ իմ տոնը չէ, այլ բոլորինս է: Սահմանադրության դերակատարությունը մեր կյանքում գիտակցված չէ»,- ասաց Այվազյանը և հույս հայտնեց, որ կգա ժամանակը, և մեր ժողովուրդը կգիտակցի այս օրվա նշանակությունը:
Նա նշեց, որ մեկուկես տարի է, որ մենք նոր կառավարման ձևի պայմաններում ենք ապրում, և ինչպես ժողովուրդը, հանրությունը, այնպես էլ իշխանությունները հույս են կապում, որ նոր` փոփոխված Սահմանադրությունը կարող է առաջընթացի հիմքեր ունենալ:
«Ընդհանրապես, սահմանադրություններն առաջարկում են իդեալականին մոտ մոդել, և ընդամենը հասարակությունն ու իշխանությունները պետք է մեկտեղեն ջանքերը, որպեսզի հասնեն դրան: Մենք էլ եթե ջանքեր չկիրառենք, որևէ արդյունքի չենք կարող հասնել, անհրաժեշտ է տքնաջան աշխատանք իրականացնել»,- ասաց սահմանադրագետը:
Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխություններն իրականացվում են երկու հիմքով՝ Սահմանադրության մեջ լրացումներ կատարելու և ուղղումներ կատարելու: Մեզ մոտ, Այվազյանի կարծիքով, երեք անգամ փոփոխություններ կատարվել են, որովհետև հարկ է եղել Սահմանադրության մեջ ուղղումներ մտցնել:
«Ե´վ մեր իշխանությունները, և´ մեր հանրությունը պետք է ջանքեր թափեն, հակառակ դեպքում` Սահմանադրության մեջ ամրագրված դրույթները կմնան որպես բառախաղ: Հասարակության գիտակցության առումով` պետք է համազգային ծրագիր լինի, սկսած դպրոցից, նախարարներից, պատգամավորներից` վերապատրաստման դասընթացներ պետք է լինեն: Վերապատրաստման անհրաժեշտություն ունեն քաղաքական պաշտոն կրողները՝ նախարարները, պատգամավորները»,- ընդգծեց նա:
Վարդան Այվազյանն ուշադրություն հրավիրեց նաև անվտանգության խնդրին: «Հայոց բանակն ապահովում է մեր պետության ապահովման գործառնական հատվածը: Անվտանգությունը պետք է նաև հայեցակարգային առումով պետականության ճիշտ մոդել ամրագրի»,- ասաց նա: