կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-04 12:09
Տնտեսական

Սուրեն Կարայանը և Մոջթաբա Խոսրով Թաջը քննարկել են հայ-իրանական պայմանավորվածությունները ընթացքը

Սուրեն Կարայանը և Մոջթաբա Խոսրով Թաջը քննարկել են հայ-իրանական պայմանավորվածությունները ընթացքը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության հանքերի,  արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջի ղեկավարած պատվիրակությանը։

Նախարար Կարայանը ողջունել է Մոջթաբա Խոսրով Թաջին և շնորհակալություն հայտնել այցի համար: Նախարարի խոսքով՝ պաշտոնյայի հետ նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացման ընթացքում են, և դրական առաջընթաց կա բոլոր ուղղություններով: Սուրեն Կարայանն առանձնացրել է մասնավորապես արտահանման ապահովագրության ոլորտում Հայաստանի և Իրանի միջև համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները և միջպետական ստանդարտների համապատասխանության ոլորտում փոխգործակցությունը:

Մոջթաբա Խոսրով Թաջն իր հերթին հաստատել է ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող ընթացքը՝ նշելով, որ երկու երկրների արտահանողների առկա խնդիրները վեր հանելու և դրանց լուծումներ տալու նպատակով ստեղծված օպերատիվ  խմբերն արդեն արդյունավետ աշխատում են։

«Ձեր այս այցը և մեր հանդիպումը ևս մեր պայմանավորվածությունների իրագործման քայլերից մեկն է։ Ուրախ եմ, որ պատվիրակության կազմում են նաև Իրանում գյուղտեխնիկայի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ։ Վստահ եմ, որ արդյունավետ համագործակցություն կհաստատվի այս ուղղությամբ ևս»,- նշել է  Սուրեն Կարայանը։ Գործարարները հանդիպման ընթացքում ներկայացրել են իրանական գյուղտեխնիկան՝ տարատեսակները, հզորությունները, մատչելիությունը և այլ մանրամասներ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը իրանցի գործարարներին է ներկայացրել Հայաստանում գյուղտեխնիկայի պահանջարկի վերաբերյալ տեղեկություններ։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության գյուղատնտեսական ծրագրերը, մասնավորապես՝ գյուղտեխնիկայի տրամադրման լիզինգի պետական ծրագիրը, որի շուրջ համագործակցությունն առաջարկվել է դիտարկել ևս։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային հանդիպումներ նախաձեռնել ոլորտի հայաստանյան ներկայացուցիչների հետ՝ համագործակցության ձևաչափը քննարկելու նպատակով։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի առաջարկով իրանական ընկերությունների ներկայացուցիչները քննարկումներ կանցկացնեն նաև Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ։ 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն