կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-03 22:13
Տնտեսական

Ստորագրվել է «Շիկահող» արգելոցի հարակից 4 համայնքների էներգետիկ անվտանգության ապահովման ծրագիրը

Ստորագրվել է «Շիկահող» արգելոցի հարակից 4 համայնքների էներգետիկ անվտանգության ապահովման ծրագիրը

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում իր առաքելությունն ավարտող KfW գերմանական բանկի բնապահպանական ծրագրերի նախկին ղեկավար Անդրեաս Վայցելին և ծրագրի ղեկավարումն ստանձնած Ալվարո Բեռիելիին:

Հանդիպման մեկնարկին նախարար Արծվիկ Մինասյանը և Անդրեաս Վայցելը ստորագրել են ««Շիկահող» պետական արգելոցի հարակից 4 համայնքների էներգետիկ անվտանգության ապահովման ծրագիրը»: Այն իրականացվելու է KfW բանկի կողմից տրամադրված 8.25 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհային միջոցներով իրականացվող Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և պահպանվող տարածքների աջակցության ծրագրերի շրջանակներում:

Նախարար Ա. Մինասյանը Հայաստանի Հանրապետության բնապահպանության բնագավառում նշանակալի աջակցություն ցուցաբերելու համար Վերականգնման վարկերի բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Էներգիայի և բնական ռեսուրսների ծրագրերի ավագ կառավարիչ Անդրեաս Վայցելին շնորհել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ:

ՀՀ բնապահպանության նախարարը, շնորհակալություն հայտնելով Անդրեաս Վայցելին Հայաստանում ծավալած արդյունավետ գործունեության համար, նշել է, որ նա իր անձնական ներդրման շնորհիվ ծրագրերի մեկնարկի այնպիսի հիմքեր է ձևավորել, որոնք միանշանակ ապահովելու են դրական արդյունքներ: Արծվիկ Մինասյանը նաև ողջունել է ծրագրի ղեկավարումն ստանձնած Ալվարո Բեռիելիին` վստահություն հայտնելով, որ համատեղ աշխատանքները ոչ միայն արդյունավետ, այլև օրինակելի կլինեն շատերի համար:

Անդրեաս Վայցելը` շնորհակալություն հայտնելով պարգևի և ջերմ խոսքերի համար, նշել է, որ դժվարությամբ է լքում Հայաստանն այն ժամանակահատվածում, երբ պահպանվող տարածքների ոլորտում մեկնարկել է արդյունավետ համագործակցության կարևոր փուլ և հաջողություն մաղթել ծրագրի նորանշանակ ղեկավար Ալվարո Բեռիելիին:

Կողմերը քննարկել են Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և պահպանվող տարածքների աջակցության ծրագրի կառուցվածքին և բովանդակությանը վերաբերող հարցեր: