կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-30 12:07
Քաղաքական

Մինչև 2016-ի հունվարի 1-ը կրճատվելու է նախատեսված տեսչական ստուգումների 98 տոկոսը

Մինչև 2016-ի հունվարի 1-ը կրճատվելու է նախատեսված տեսչական ստուգումների 98 տոկոսը

Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց մի որոշում, որը բխում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականից՝ տնտեսվարողների մոտ նվազագույնի հասցնել տեսչական ստուգումները:

Նախարարը նշեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմակերպվել են քննարկումներ, շահագրգիռ բոլոր գերատեսչությունների մասնակցությամբ, լսեել են բոլոր առաջարկությունները, արդյունքում` ձևավորվել է նախագիծ, ըստ որի` մինչև 2016թ. հունվարի 1-ը կտրուկ սահմանափակվում են բոլոր տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները, բացառությամբ հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների:

«Տեսչական բարեփոխումների ընթացքում մենք արդեն իսկ իրականացրել ենք ստուգումներ՝ բացառապես ստուգաթերթերի հիման վրա, ինչն արդեն իսկ սահմանափակել է տեսչական մարմինների կողմից տնտեսվարողներին առաջադրվող խնդիրների քանակը: Այժմ տեսչական մարմինները գործադրում են 170 ստուգաթերթ: Այս որոշմամբ մենք կասեցնում ենք 170 ստուգաթերթերից մոտավորապես 90 տոկոսը` մինչև տարեվերջ: Այսինքն` թույլ ենք տալիս, որ մնացած տասը տոկոսի սահմաններում` միմիայն բարձր ռիսկային խմբերում գտնվող տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ անցկացվեն, ինչպես նաև գազալցակայաններում և այլն»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ որպեսզի թյուրիմացություններ չլինեն, ապա այն ստուգաթերթերը, որոնք շարունակելու են գործել բարձր ռիսկային խմբերում, կցվելու են այս որոշմանը` որպես հավելված: Իրականում կրճատվելու է ստուգումների 98 տոկոսը: Տեսչական ստուգումների սահմանափակումը չի տարածվելու միմիայն այն հիմնարկների ու բաժնետիրական ընկերությունների վրա, որոնք պետական սեփականություն են, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վրա, որովհետև դրանք փաստացի չեն մասնակցում տնտեսական արդյունքի ստեղծմանը:

«Շարունակվելու են ստուգումները մանկապարտեզներում ու դպրոցներում` երեխաներին անվտանգ ու որակյալ սննդի կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Որոշման նախագծով նաև հատուկ մոտեցում է սահմանված այն դեպքերում, երբ վտանգ է սպառնում այլոց կյանքին ու առողջությանը, այդ դեպքում տեսչական մարմինը պետք է նախապես հիմնավորումներ ներկայացնի վարչապետին, թե ինչու է ցանկանում ստուգումներ իրականացնել և վարչապետի համաձայնությունից հետո միայն իրականացվի տեսչական ստուգում: