կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-26 17:52
Հասարակություն

Կմեկնարկի «Արժանապատիվ աշխատանք» քառամյա ծրագիրը

Կմեկնարկի «Արժանապատիվ աշխատանք» քառամյա ծրագիրը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  հունիսի 26-ին ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության  Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Մոսկվայի գրասենյակի տնօրեն տիկին Օլգա Կուլաևային:

Նախարար  Արտեմ Ասատրյանը բարձր է գնահատել ԱՄԿ-ի հետ երկարամյա համագործակցությունը և վստահություն հայտնել, որ   Մոսկվայի գրասենյակի տնօրենի ղեկավարությամբ համագործակցությունը շարունակական և արդյունավետ կլինի:

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սկսել  «Արժանապատիվ աշխատանք»  ծրագրի իրականացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերոնշյալ   ծրագրի մշակման  և իրականացման աշխատանքները:  Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կատարելագործել  Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության կարգավորմանն ուղղված պետական քաղաքականությունը, աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները, հզորացնել Գործատուների միության  և Արհմիությունների կարողությունները:

Տիկին Օլգա Կուլաևայի խոսքով  աշխատանքային խումբը, որը բաղակացած է  լավագույն մասնագետներից, այս շաբաթ հանդիպում կունենա նախարարության համապատասխան պաշտոնյաների հետ: Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ  համատեղ աշխատանքների արդյունքում կարձանագրվեն լավագույն արդյունքներ:

Բացի այդ տիկին Կուլաևան իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ միշտ հնարավոր է գտնել զբաղվածություն ապահովող բացառիկ և հետաքրքիր  ծրագրեր, ինչում նա համոզվել է նախարարության հետ համատեղ իրականացրած աշխատանքների ընթացքում:

Հանդիպմանը քննարկվել են  նաև ԱՄԿ Գլխավոր տնօրեն պարոն Գայ Ռայդերի այցի կազմակերպման հետ կապված հարցեր:

«Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը  քառամյա է,  նպատակ ունի աջակցելու աշխատանքի, զբաղվածության, աշխատավարձի և սոցիալական գործընկերության բարեփոխումներին: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին