կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-15 15:31
Քաղաքական

Արտակարգ դրություն այսուհետ կարող է հաստատել կառավարությունը

Արտակարգ դրություն այսուհետ կարող է հաստատել կառավարությունը

Կառավարությունը հավանություն է տվել ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Գործող օրենքը, 2005 թ. ՀՀ սահմանադրության փոփոխություններին համապատասխան, ռազմական դրության հայտարարման, դրա իրավական ռեժիմի ապահովման հետ կապված գործընթացի հիմք էր սահմանում ՀՀ Նախագահի հրամանագիրը և գործընթացի առաջնային ապահովման ուղղությամբ ՀՀ Նախագահի իրավասությունները: 2015 թ. դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ նշված իրավասությունների ողջ շրջանակը վերապահվել է ՀՀ կառավարությանը, որի արդյունքում օրենքում վերանայումներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել: Նախագծի համաձայն՝ ռազմական դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը, և ՀՀ սահմանադրության պահանջներին համապատասխան հստակեցվում են ՀՀ կառավարության, Ազգային ժողովի լիազորությունները:

Գործադիրը հավանություն է տվել նաև ««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Գործող իրավակարգավորումների համաձայն՝ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ Նախագահը: 2015 թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում նոր խմբագրությամբ շարադրված ՀՀ Սահմանադրության ուժով ՀՀ-ն անցում է կատարել կառավարման խորհրդարանական ձևին: Այս հանգամանքով պայմանավորված` Նախագահի որոշ գործառույթներ, լիազորություններ այլևս պետք է իրականացնեն, մի դեպքում, ՀՀ կառավարությունը, մյուս դեպքում` ՀՀ վարչապետը: Նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը, և անհրաժեշտություն է առաջացել վերանայել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները: Օրենսդրական նախաձեռնությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: