Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետությունում այս տարի հունվարից մայիս արձանագրվել է սնկից թունավորման 6 դեպք՝ 12 տուժածով, որից 2-ը մինչև 14 տարեկան երեխա: Դեպքերը գրանցվել են Լոռու, Կոտայքի մարզերում և Երևանում: Թունավորումների պատճառը տուժածների կամ նրանց հարազատների կողմից հավաքված սունկն է: Նախորդ տարի նույն ժամանակահատվածի համեմատությամբ սնկից թունավորվածների թիվը գրեթե կրկնակի նվազել է` 10 դեպք՝ 20 տուժածով, որից 8-ը մինչև 14 տարեկան երեխա: Նշենք, որ մահվան դեպքեր չեն արձանագրվել:
Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով: Սնկերից առաջացած սննդային թունավորումներն ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամ: Կլինիկական հիմնական ախտանշաններն են որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, զգայապատրանքները (հալյուցինացիա)` առանց քնկոտության ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարումը: Առաջին նշաններն ի հայտ գալուն պես` անմիջապես պետք է դիմել բժշկի, որից մեծապես կախված է թունավորման բարեհաջող ելքը:
Սնկային թունավորումներից խուսափելու համար պետք է հավաքել միայն այն սնկերը, որոնք հստակ ճանաչում եք և գիտեք դրանց օգտագործման եղանակը: Սնկերը պետք է օգտագործել միայն համապատասպան մշակումից հետո, չօգտագործել հում վիճակում: Եթե սունկը ձեռք է բերվում առևտրի կետերից, ապա այն պետք է տեսակավորված և ամբողջական լինի: Խառը տեսակի սնկերի վաճառքը չի թույլատրվում: Ցանկալի չէ սունկն օգտագործել ալկոհոլի հետ: Շատ վտանգավոր է նաև տնային պայմաններում պատրաստված սնկի պահածոների օգտագործումը, քանի որ հերմետիկ փակ տարայում նպաստավոր պայմաններ են ստեղծվում բոտուլիզմի զարգացման համար:
Առողջապահության նախարարություն