Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ռուդոլֆ Խառատյանի «Լա բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան: Yerkir.am-ի հետ զրույցում բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը նշեց, որ ներկայացումը «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում է ցուցադրվելու, և այն նվիրված է Շառլ Ազնավուրի ծննդյան 93-րդ տարեդարձին:
«Ազնավուրի 12 երգեր միացրել եմ և, այսպես ասած, սյուժետային գիծ սարքել, մի փոքր էլ կենսագրական տարրեր կան, այսինքն` երգերի միջոցով է կենսագրությունը ներկայացվում: Այն երգերն եմ ընտրել, որոնց «միջով» անցնելով` նա հասունացել է ու կարողացել իր երգերով ժամանակին հաղթել, ինչի շնորհիվ էլ հավերժության մեջ է տեղավորվել նրա արվեստը»,- ասաց Խառատյանը:
Նա նշեց, որ Ազնավուրն իրեն միշտ հետաքրքրել է, քանի որ թե՛ մեծ արտիստ է, թե՛ մեծ հայ, ով թև դաստիարակվել է օտար միջավայրում, բայց կարողացել է իր երգերի միջոցով լավագույնն արտահայտել ու միշտ Հայաստանի կողքին կանգնել:
Ներկայացման գաղափարը, ըստ բալետմայստերի, այն է, որ Ազնավուրի ստեղծագործությունները պատմություն են: «Ազնավուրը ֆիզիկապես որքան էլ հասունանում, բայց նրա երգը հավերժ է մնում. ամբողջ գաղափարը դա է: Երկու տիպաժներ կմարմնավորեն Ազնավուրին: Ներկայացումը կսկսվի նրա երգով` նա երգում է, թե ինչպես 18 տարեկանում փորձեց Փարիզը «գրավել», իսկ ավարտվում է հիշողություններով` «Բոհեմ»-ով, թե ինչպես էին իրենք սոված ապրում, բայց նաև երջանիկ էր իրեն զգում, քանի որ երիտասարդ էր` կյանքն առջևում էր»,- ասաց Խառատյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ 41-42 րոպե տևողությամբ ներկայացման սցենարը ցույց են տվել Ազնավուրին, և նա տվել է իր հավանությունն ու համաձայնությունը` ներկայացումը կյանքի կոչել, ինչպես նաև ասել է, որ անձամբ ներկա կգտնվի ներկայացման պրեմիերային:
Ըստ Խառատյանի` մի շնչով է նայվելու ներկայացումը: